«Փաստացի, Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, որոշ չափով նաև՝ «Բոլորին դեմ եմ»-ը, եթե միասնական ճակատով հանդես գային, հիմա կլինեին խորհրդարանում». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Այս ընտրությունները իրոք շատ կարևոր նշանակություն ունեին Հայաստանի Հանրապետության՝ որպես ազգային պետության պահպանման համար։

Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց բազմաթիվ կեղծարարությունների, ճնշումների, կիրառեց վարչական անթաքույց ռեսուրս, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցության մասին, ու արդյունքում հասավ նրան, որ չպարտվեց, թեև նա ինքը տեսավ, որ ունի լուրջ խնդիրներ լեգիտիմության հետ կապված։ Այս մարդը չունի մեծամասնության քվեն՝ առավել ևս բարձր մասնակցայնության դեպքում։ Եթե անգամ հանենք նրան ակնհայտ աջակցող ուժերի մոտ մի 500 ձայնը, ապա ստացվում է, որ նա փաստացի վախի ու սպառնալիքի մթնոլորտում չի կարողանում մեծամասնության քվեն տանել։ Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզարշավում տեղ գտած ատելության, սպառնալիքի, զզվելի բառամթերքի, բարոյազուրկ ձևակերպումների նպատակը մի կողմից իր ընտրազանգվածի (որը կա՝ մոտ 20-25%) մոբիլիզացիան էր, մյուս կողմից՝ քաղաքացիների մեծ մասի մոտ ընտրության և քաղաքականության հանդեպ զզվանքի զգացողության առաջացումը, ինչը նրանց հեռու կպահեր գործընթացներից։

Այդուհանդերձ, ակտիվ հանրային կոնսոլիդացիան մասնակցության հարցի շուրջ խառնեց Փաշինյանի ծրագրերը, նա ընտրությունների օրվա ավարտին հասկացել էր, որ իր ու ընդդիմության մանդատների թիվը կարող է շատ մոտ լինել, դրա համար արդեն վերջին ժամերին սկսվեց զինվորներ բերելու գործընթացը, բայց ոչ միայն։

Ինչևէ, ես ուզում եմ ասել, որ ապրեն բոլոր այն մարդիկ, որոնք գնացել էին ընտրության, նրանք որքան էլ այսօր դեռ չի երևում, բայց Փաշինյանին հեռացնելու ուղին են բացել, փոփոխության հնարավորությունն են ցույց տվել։ Փաշինյանն ինքը տեսավ, որ իրեն չընդունողների թիվը, այսինքն՝ հավաքական ընդդիմության ձայները, շատ ավելին են, ուստի ինքը ընտրողների մեծամասնության կողմից մերժվել է։ Այլ բան, որ առկա համակարգը գծված է մերժվածների համար, դա այլ զրույցի թեմա է։

Հիմա ընդդիմության մասին։ Ես խորհրդարան անցած ընդդիմության ընտրողը չեմ, ես իրենց քվե չեմ տվել, ես իրենց գաղափարական աջակիցը չեմ, ուստի անազնիվ է իմ կողմից կարծիք հայտնել՝ արժի մանդատ վերցնել, թե ոչ։ Դա թող իրենց ընտրողները ասեն։ Ես այլ ասելիք ունեմ այն ուժին, որին քվե եմ տվել։ Փաստացի, Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, որոշ չափով նաև՝ «Բոլորին դեմ եմ»-ը շատ համանման ուղերձներ էին հղում հանրությանը, ես անձամբ եմ ճանաչում ընտանիքներ, որտեղ մեկը քվեն տվել է Թաթոյանին, մյուսը՝ Մարությանին, երրորդը՝ ԲԴ-ին։
Հարգելիներս, դուք միասին ստացել եք՝ 75 225 ձայն, սա փոքր թիվ չէ, եթե դուք միասնական ճակատով հանդես գայիք, հիմա կլինեիք խորհրդարանում, և իմ ու իմ պես բազմաթիվ ընտրողներ կունենային պատգամավորներ, որոնք արտահայտում են իրենց ձայնը։ Օրինակ՝ «Բոլորին դեմ եմ»-ի ուղենշած նպատակները արտացոլված էին Թաթոյանի ծրագրում։ Հայկ Մարությանի՝ ոչ Բաքու, ոչ Մոսկվա կեղծ դիլեմայի մերժումը ևս կար նաև Թաթոյանի մոտ։ Այսինքն՝ դուք, լինելով իմ կողմից շատ հարգված ու ընկալելի մարդիկ, չկարողացաք նստել նույն սեղանի շուրջ ու գալ կոմպրոմիսի, մինչդեռ ձեր որդեգրած քաղաքականությունը, գաղափարները ունեն բազմաթիվ համախոհներ։

Իմ հանրային պահանջը հենց այս ուժերից է, ավելի կոնկրետ՝ նրանց շարքում ամենաշատ ձայն հավաքած Թաթոյանից. փորձեք կոնսոլիդացիա ապահովել այն շրջանակների մոտ, որոնք կողմ են Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը՝ ոչ ի հաշիվ ՌԴ-ի հետ կոնֆրոնտացիայի, որոնք կողմ են բանակի հզորացմանը, որոնք դրսում տերեր չեն փնտրում, այլ միայն աջակիցներ, որոնք չեն ուզում Ադրբեջանի թելադրանքով ապրել, որոնք անհանդուրժող են այն փաստի հետ, որ Բաքվի բանտում կարող է հայ մարդ լինել, և բազմաթիվ այլ հարցեր։ Այդ կոմպրոմիսի և զրույցի տեղը կա, քանի որ դա չի արվել ընտրություններից առաջ, պետք է արվի ընտրություններից հետո, որովհետև արտախորհրդարանական ընդդիմությունը շատ կարևոր դերակատարում է ունենալու առաջիկա գործընթացների համար, իսկ առաջիկայում Ալիևը մաքսիմալ շարունակելու է օգտագործել Փաշինյանին՝ հայոց պետության և հայ ժողովրդի դեմ։

Այդ կռիվը շարունակվում է, ուստի պետք է սխալներից սովորել, ընդունել, շտկել ու առաջ գնալ։ Ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանը կասեր՝ «Դուք գալիս անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է, սիրտը»։ Իսկ սիրտը պահվում է համատեղ սիրով ու միասնական ջանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930