Այս խախտումները ֆիքսում են, բայց հետո ամեն անգամ ՀՀ-ից ինչ-որ բան կորզելու համար այդ խախտումները դեմ են տալու իշխանությանը․ իրավապաշտպան

Իրավախախտումներ, վարչական ռեսուրսի օգտագործում, ընդդիմության թիրախավորում․ նմանատիպ արձանագրումներ են արել ոչ միայն ընդդիմադիր շրջանակները, այլև Հայաստանում ընտրություններին հետևող դիտորդական առաքելությունների տարբեր ներկայացուցիչներ։

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնարդյունքը, իսկ մինչ այդ` տեղեկացանք, որ վերահաշվարկի համար ԿԸՀ են դիմել ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքը։

Հունիսի 14-ից հետո արդեն նախատեսված է հինգօրյա ժամկետ բողոքարկումների համար, և հունիսի 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ Բողոքարկման բացակայության կամ Սահմանադրական դատարանի հաստատումից հետո կմեկնարկի մանդատների տրամադրման գործընթացը՝ ընդառաջ խորհրդարանի առաջին նիստին։

Իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ակնհայտ խախտումներ է արձանագրել նախընտրական ու ընտրական պրոցեսում։ 168am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․

Կարդացեք նաև

«Ընտրություններն արդար, օբյեկտիվ, ակնհայտորեն չեն եղել, որովհետև մինչև նախընտրական քարոզչությունն էլ երկակի ստանդարտներ է գործել, իշխանությունը բյուջետային պլանավորումներից դուրս՝ անընդհատ բարեգործություններ է արել, մյուսներին արգելել է դա անել, գաղտնալսել են բոլորին, բազմաթիվ մարդկանց անլուրջ մեղադրանքներով ձերբակալել են։ Վարչական ռեսուրսի տոտալ չարաշահում է եղել ու այս ամենի ֆոնին՝ այս արդյունքները, որ տեսնում ենք, նույնպես դրա մասին են հուշում

Իսկ ԿԸՀ-ն թերությունների վրա աչք է փակել։ Արամ Սարգսյանի դիմումի քննության ժամանակ տեղեկացանք, որ, օրինակ, նմանատիպ դիմումներ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է ներկայացրել, բայց դրանք հրատապ չեն քննվել ու նույնիսկ առ այսօր չեն քննվել, բայց այլ բողոքներ հրատապության կարգով քննել են»։

Ամեն դեպքում, ըստ Հովհաննես Խուդոյանի, ընդդիմությունը, անկախ էմոցիոնալ ինչ-որ արձագանքներից, չպետք է հրաժարվի այն գործիքներից, որոնք կարող են պիտանի լինել հետագա պայքարի համար։

«Այլ հարց է` գործիքներն ի՞նչ արդյունավետությամբ կարող են օգտագործվել,- հավելեց իրավապաշտպանը՝ նկատելով,- Եթե, օրինակ, ԲՀԿ-ն ևս անցնում է, ապա ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի հավաքում»։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ սա, թերևս, ցանկալի արդյունքը չէ, բայց Հայաստանի դեմ ուղղված գործողություններն ինչ-որ կերպ դիմակայելու հեռանկարում անհրաժեշտ է։

Արդյո՞ք միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրումները կկարողանան իրավիճակ փոխել և, օրինակ, սեփական երկրներում օբյեկտիվ պատկեր ստեղծել ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի մասին`հետաքրքրվեցինք իրավապաշտպանից։

Նա, ի պատասխան, արձանագրեց․ «Հայաստանի ընտրություններին բոլոր հնարավոր կողմերից միջամտություն եղել է, բայց պրոբլեմը ո՞րն է․ այդ երկրները միջամտում են իրենց երկրների շահերի համար, իրենց քաղաքականությունից ելնելով, ու իշխանությունը կաշկանդված է լինում այդ օգնությամբ, որովհետև այս խախտումները ֆիքսում են, բայց հետո ամեն անգամ Հայաստանից ինչ-որ բան կորզելու համար այդ խախտումները դեմ են տալու իշխանությանը։

Այսինքն՝ այս իշխանությունն այդ հանցավոր գործողությունները կատարելով՝ ինքն իրեն խոցելի է դարձնում։ Այդ երկրները դա ֆիքսում են, բայց չեն ֆիքսում հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների, այլ ֆիքսում են՝ որպես մահակ այս իշխանությունների գլխին՝ հետագայում էլ իրենց շահերի համար կորզումներ կատարելու նպատակով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930