Տնտեսվարողնե՛ր, զգուշացնում եմ՝ ուշադիր եղեք. Լարված է հերթական թակարդը. Աշոտ Հարությունյան
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո կտրամադրի, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ «Որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի, առևտուրը մեղմելու միջոցառումների վերաբերյալ։ Եվ տուժած ոլորտների, ինչպիսիք են հայկական ծաղիկները, գործնական աջակցության վերաբերյալ»։
Ըստ նրա, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան տնտեսական ճնշում, և դա անընդունելի է։
«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ»,- նշել է Լայենը։
Կառավարության վերջին նիստում էլ որոշում ընդունվեց մեկ ամսվա համար փոխհատուցում տալ այն անձանց, որոնք այս ընթացքում իրենց բերքը չեն կարողացել արտահանել, թե ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ իրենց բերքը հաջորդ ամիսներին՝ պարզ չէ։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի բնորոշմամբ՝ սա Կառավարության կողմից հապճեպ ընդունված հերթական որոշումն է՝ առանց տնտեսական լուրջ հիմնավորումների ու տնտեսական գնահատականի։
«Այսօրվանից մեր տնտեսվարողներին զգուշացնում եմ, որ սա հերթական լուրջ վեճն է սկսվելու, հետո քրեական գործերը՝ ամեն դեպքում թող ուշադիր լինեն. լարված է հերթական թակարդը։ Ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ, սուբսիդավորման չափերն ու գինը, եթե իրենք ելակի 1 կիլոգրամի գինը սուբսիդավորում են 770 դրամով, որտե՞ղ է հաշվարկված ու հաստատված ինքնարժեքը։ Ի՞նչ վնասեր կկրեին կամ կկրեն, որ ուզում են փոխհատուցեն։
Ելակը ֆուռերով վերադարձվել է, ինչն այլևս ենթակա չէ արտահանման, չկա համապատասխան փաստաթղթեր, որպեսզի ներկայացնեն Էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի փոխհատուցումը ստանան։ Այստեղ կրկին բաժան-բաժան են անելու, կրկին հանելու են միմյանց դեմ՝ քրեական գործերի հիմքեր են ստեղծելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։

Ըստ մեր զրուցակցի, հունիսի 7-ից հետո այս իշխանությունը չի լինելու, իսկ տնտեսական առումով չեն շարունակելու այդ աջակցության տրամադրումը, քանի որ բյուջեն դատարկված է, պարտքերը մեծացել են։ Իսկ ԵՄ հանձնաժողովի նախագահի նշած 50 մլն դոլարն անմիջապես Հայաստան չի եկել, դեռ պետք է հաստատվի։
«Դուք հերթական ակցիան եք անում՝ ձերոնց աջակցելու համար, որովհետև այստեղ միջին մակարդակի տնտեսվարողները հաստատ չեն շահելու, սրա ձայնը կլսեք։ Անունն ինչ ուզում եք՝ դրեք, սա ես համարում եմ նախընտրական խոստում, որը մնացած խոստումների հետ չի կատարվելու։ Իմ իմացած տվյալներով՝ երեկ սկսել են վճարել աշնանացան ցորենի նախորդ տարվա սուբսիդավորման գումարները, այսքան լարվածության մեջ բերեցին ու ընտրություններից 1-2 օր առաջ գումար են փոխանցում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Մեր զրուցակիցը հռետորական հարց է հնչեցնում՝ եթե ծիրանն ու կեռասն ամբողջությամբ հավաքվեն, որտե՞ղ են արտահանելու ու իրացնելու, արդյո՞ք բյուջեում այդքան փոխհատուցման գումար կա։
«Քաղաքական առումով ես սրանց չեմ հավատում, որովհետև վերից վար սուտասան են, եկել է իրենց գնալու ժամանակը։
Միշտ ասում եմ՝ թոհ ու բոհերով մենք շատ ենք անցել, և սա հերթական փորձությունն է ։ Սա միայն ԵՄ-ԵԱՏՄ խնդիրը չէ, ունի գին, որը պետք է վճարվի։ Համոզված եմ, եթե ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցելու և Հայաստանը չեն ուզում հերթական անգամ տանի փորձության, եթե չի ուզում դարձնի երկրորդ Ուկրաինա, ապա ո՞ւր էր 44-օրյա պատերազմի ընթացքում, ո՞ւր էին՝ թեկուզ իրենց քաղաքական հայտարարություններով, որ սաստեին պատերազմը, կապեին Ալիևի ձեռքերը։ Որևէ քաղաքական հայտարարություն ու աջակցություն չեղավ, նշանակում է՝ սա հերթական խաբկանքն է»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



