ԱԷՄԳ-ն չի կարողանում ստուգել Իրանի ուրանի պաշարների հետ կապված իրավիճակը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կարողացել ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում 2025-ի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այդ օբյեկտների վրա հարձակումներից ի վեր, ասվում է գաղտնի զեկույցում, որը տարածվել է ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում: Այն նաև հայտնվել է Associated Press լրատվական գործակալության տրամադրության տակ։
ԱԷՄԳ-ի զեկույցում նշվում է, որ «չի կարող որևէ տեղեկություն տրամադրել Իրանում հարստացված ուրանի պաշարների ներկայիս չափի, կազմի կամ գտնվելու վայրի, կամ այն մասին, թե արդյոք Իրանը դադարեցրել է հարստացման հետ կապված բոլոր գործողությունները»։
Կազմակերպությունը նաև զգուշացրել է, որ Իրանում «չի կարող կատարել երաշխիքների մասով իր պարտականությունները»՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի: Գործակալությունը նաև նշել է, որ Թեհրանի կողմից իր պարտավորությունները կատարելը «անհրաժեշտ է և անհետաձգելի»։
Փետրվարին հրապարակված նախորդ զեկույցից ի վեր իրանական միակ օբյեկտը, որը ստուգվել է, Բուշերի ատոմակայանն է, որտեղ այցելություններ են իրականացվել հունիսի 1-ից 3-ը, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ ԱԷՄԳ-ի վերջին տվյալների՝ Իրանն այս պահին ունի 440.9 կգ ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը մոտ է միջուկային զենք ստեղծելու մակարդակին։
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զեկույցում վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցություններին, որոնք «ուղղված են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերին փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն, և պատրաստակամություն է հայտնել… աջակցելու վերջնական համաձայնագրին»։



