«Դեսպանների հետկանչ», շտապ վերադարձ Մոսկվա․ ինչո՞ւ է անհապաղ ընդհատվել Գուրգեն Արսենյանի «արձակուրդը»

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ճգնաժամն անցնում է դիվանագիտական «արտակարգ» տեղաշարժերով։

Մինչ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն ՌԴում է ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, վերջին շրջանում ՀՀ-ում գտնվող ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն արագացված ընթացակարգով կրկին մեկնել է Մոսկվա։

168.am-ի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի կողմից վերջին կոշտ հայտարարությունների ու տնտեսական պատժամիջոցների կիրառման, ԵԱՏՄ ղեկավարների ներկայացրած վերջնագրի ֆոնին ՀՀ իշխանություններն արագացված կարգով դադարեցրել են Գուրգեն Արսենյանի, այսպես կոչված, «արձակուրդը», անհանգստացած ռուսական կողմից հնարավոր կոշտ քայլերից՝ նրան հետ են ուղարկել «լեզու գտնելու» համար։

Նրա «խորհրդակցությունների նպատակով» հետկանչը Երևան ձևակերպվել էր՝ որպես «արձակուրդ»:

Ավելի վաղ սակայն 168.am-ը գրել էր, որ մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ գագաթնաժողովից հետո՝ մայիսի 7-ին, Ռուսաստանի արտգործնախարարություն էր կանչվել դեսպան Գուրգեն Արսենյանը: Նա հանդիպել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին»,-  ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում նաև ասվում էր, որ ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող:

Ըստ հաղորդագրության, դեսպանը խոստացել էր զեկուցել Երևան ռուսական կողմի ներկայացրած բողոքի մասին։

168.am-ի խիստ հավաստի աղբյուրները դեռևս այն ժամանակ փոխանցել էին, որ Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ ԱԳՆ այցից հետո Արսենյանը Հայաստան է  կանչվել  խորհրդակցությունների նպատակով։ Ինչպես հետո հայտնի դարձավ, ՀՀ իշխանությունը այս այցը ձևակերպել է, որպես արձակուրդ, սակայն ՌԴ կտրուկ քաղաքական մեսիջներից ու գործողություններից հետո որոշել է հետագա ռիսկի չդիմել և Արսենյանին «վերադարձնել» դիվանագիտական ծառայության՝ ճգնաժամը չխորացնելու և ռուսական կողմի հետ եզրեր գտնելու նպատակով։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել էր.

«Նա (դեսպան Կոպիրկինը) Մոսկվայում է և խորհրդակցություններ է անցկացնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930