Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ տանել հրադադարի նոր նախաձեռնությունը», – գրել է Ռավիդը X սոցցանցում։
Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունը առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։
Բանակցություններն առաջ մղելու համար Վաշինգտոնը որպես առաջին քայլ առաջարկել է, որ «Հեզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է ձեռնպահ մնա Բեյրութում լարվածության սրումից։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, սա «տարածություն կստեղծի աստիճանական ապաէսկալացման և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար»։



