Իշխանության վտանգավոր վստահությունը. Ադրբեջանը սպառնալիք չէ, ռազմավարական զսպման համակարգ պետք չի գա. ո՞վ ճիշտ չէր հաշվարկել «Իսկանդերի» պարամետրերը

Մայիսի 28-ի զորահանդեսի ռազմատեխնիկական մասին 168.am-ն առաջիկայում մասնագիտական   անդրադարձ կանի: Կոնկրետ դեպքում նշված ռազմական-քաղաքական միջոցառման համատեքստում  ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցված մի դիտարկման անդրադառնանք, որ «Իսկանդեր» համակարգին համարժեք կամ մոտ այլ  միավոր չկար:

Իսկ թե արդյո՞ք ռազմավարական զսպման համակարգ ունի Հայաստանը, որը գաղտնի է պահվում, այս հարցն արդեն Factor TV-ի կազմակերպած բանավեճին ուղիղ տվել են իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին:

Մասնավորապես, ԱԺԲ կուսակցության պատգմավորի թեկնածու Գևորգ Սաֆարյանը հարցրել է Նիկոլ Փաշինյանի կուսակցին՝ ի՞նչ միջոցներով են պատրաստվում ապահովել ռազմավարական փոխզսպումը՝ Ադրբեջանին որպես սպառնալիք դիտարկելով, եթե հաշվի առնենք, որ Բաքուն շարունակում է խոսել «Արևմտյան Ադրբեջանից», օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները և այլն, ինչին ի պատասխան՝ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ դիսկոմֆորտ վիճակ է մի տեսակ:

«Ինչ վերաբերում է հարցին, որ դուք ուզում էիք զորահանդեսին տեսնել  ռազմավարական զսպող բան, որպեսզի ողբերգություն չապրեիք, կասեմ՝ պարտադիր չի, որ դա դուք տեսնեիք: Այսինքն, պարտադիր չի, որ այն զենք-զինամթերքները, որոնք ունի պաշտպանական համակարգը, պետք է ցուցադրվեն: Հիմա ռազմավարական զսպման համակարգ ասելով, նախևառաջ պետք է հասկանալ՝ ում դեմ»,- շեշտել է ՔՊ ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Արձագանքին, որ արդեն նշվել է՝ Ադրբեջանի, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.

«Բա հարցը հենց դրա մեջ է, ես ուրիշ իրականության մեջ եմ ապրում, կամ դուք եք ուրիշ իրականության մեջ ապրում: Անցած տարվա օգոստոսի 8-ից, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանին ժողովրդի մեծամասնությունը չի դիտարկում՝ որպես ռազմավարական վտանգ, այսինքն՝ ՀՀ-ն թևակոխել է խաղաղության ժամանակաշրջան: Խնդիր կա էլի, իրականում դիսկոմֆորտ կա, բաներ եմ լսում, որ չեմ հասկանում»:

Այս պատասխանից Գևորգ Սաֆարյանն արձանագրեց՝ ստացվում է՝ գործող իշխանությունները չունեն Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական զսպման կամ փոխզսպման մեխանիզմ: Ինչ վերաբերում է խաղաղությանը, նա կրկնել  է վերևում նշվածը՝ Բաքվում կան հայ պատանդներ, գերիներ, օկուպացված են ՀՀ տարածքները, և այլն:

Իր հերթին՝  «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Պարոնյանը հավելել է՝ գործող իշխանությունը չի ցուցադրել ռազմավարական զսպման սպառազինություն, որովհետև չի գնել, իսկ նախկինների գնածն էլ չի ցանկացել ցուցադրել:

Նշենք, որ Վիլել Գաբրիելյանը ներկա է եղել զորահանդեսին, ժամանակին եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, և այսօր իր պատասխանից իրապես կարելի է ենթադրել, որ ռազմավարական զսպման համակարգ ունենալու հարց իր առջև գործող իշխանությունները չեն դրել, այլ միայն մարտավարական:

Եթե հանկարծ իրականությունն այլ լինի, ուրեմն՝ Վիլեն Գաբրիելյանը տեղեկությունների պակասի խնդիր ունի: Այս հարցի պատասխանը մենք հարմար առիթի կփորձենք պարզել հենց պաշտպանական գերատեսչությունից: Բայց փաստ է՝ գործող իշխանությունն Ադրբեջանին չի դիտարկում սպառնալիք, և բանակի առջև խնդիրներն այս տրամաբանության մեջ են դրվում՝ երևակայական պայմանական հակառակորդ:

Վերադառնանք «Իսկանդերին»: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասել է.

«Տանկեր չկային զորահանդեսին, նոր տանկեր ձեռք չենք բերել: «Իսկանդեր» չկար, որն օգտագործվում է ռուս-ուկրաինական պատերազմում, և այնպիսի հաջողություն չի արձանագրել, ինչպես մենք մտածում էինք՝ եթե ունենք «Իսկանդեր», ուրեմն՝ մեր դեմ խաղ չկա:  Հիշո՞ւմ եք նախորդ շքերթը, ոգևորված էին «Իսկանդերով», որ հակառակորդն անելիք այլևս չունի, բայց պարամետրերը, ինչպես հետագայում հասկացանք, այդքան էլ լավ ուսումնասիրված չէին: Այսինքն, ֆեյք բառամթերքով մենք մեզ դրել էինք մի այնպիսի իրավիճակի մեջ, որը մեզ մեծամտացնելով՝ հասցրեց պարտության եզրին: Եվ մենք հիմա «Իսկանդերի» պատվեր չունենք»:

Այդ դեպքում ի՞նչ պլաններ կան նախկինում գնվածի հետ, Անդրանիկ Քոչարյանը չի անդրադարձել այդ հարցին:

Հավելենք, որ 2015-ի վերջին արդեն Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր: Այդ ժամանակ ընդդիմադիր տարբեր շրջանակներ նաև ոչ բարյացակամ կարծիքներ էին հայտնում: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը գրել էր.

«Զորահանդեսը պետք է ցույց տար, որ ՀՀ ԶՈԻ բոլոր թերությունները, որ ջրի երես դուրս եկան քառօրյա պատերազմի օրերին, շտկվել են։ Ու կարելի է ասել, այդ իմաստով շքերթը որոշակիորեն ծառայեց իր նպատակին։

Գիշերային զինտեխնիկա, հայկական արտադրության անօդաչու սարքեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, «ԲՈԻԿ» զենիթահրթիռային համակարգեր, «Ստրելա 10»՝ զենիթային համալիրներ, C-300, C-125 համակարգեր, և վերջապես՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։

Այս ամենը ցուցադրվեց Երևանի Հանրապետության հրապարակում, բավական լուրջ ազդեցություն թողնելով հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում։ Պատճառն այն է, որ ռազմական հավասարակշռությունը, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմն էր թեքված, այսպիսով վերականգնված է։ Որոշ փորձագետների գնահատմամբ, այն անգամ դեպի Հայաստանի կողմ է թեքվել, քանի որ մասնավորապես «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ Ադրբեջանի Զինված ուժերում գոյություն չունեն, այնինչ դրանք հզոր զենք են համարվում։

Երեկ ադրբեջանցի փորձագետները կարծիք էին հայտնում, որ Ռուսաստանն այն Հայաստանին մատակարարել է կամ նախապես համակարգչային այնպիսի ծրագրավորմամբ, որ հրթիռները Ադրբեջանի ուղղությամբ չթռչեն, կամ հատուկ պայմանով, որ հայկական կողմը դրանք Ադրբեջանի վրա չի արձակի։ Ադրբեջանում հնչող կարծիքին, թե Ռուսաստանը դրանք Հայաստանին է տրամադրել միայն զորահանդեսում ցուցադրելու համար, իրականում դրանք ՀՀ-ին չեն պատկանում, երեկ պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակը, հայտարարելով, որ ցուցադրված բոլոր զինատեսակները գտնվում են ՀՀ ԶՈԻ ենթակայության տակ։ Այսպիսով, իրավիճակը ռազմական ճակատում կարելի է փոփոխված համարել»: Ընդ որում, 2016 թվականի զորահանդեսի մասին այս հոդվածի հեղինակն Աննա Հակոբյանն  է:

2018 թվականի հունիսին էլ  «Հայկական ժամանակը», անդրադառնալով նախկին իշխանությունների որդեգրած «Սանձահարման/զսպման» համակարգին, արձանագրել էր.

««Սանձահարման/զսպման» համակարգը չհասցրեց լիովին գործարկվել: Հայտարարությունից մի քանի շաբաթ անց սկսվեց Ապրիլյան պատերազմը, որից հետո Հայկական բանակի դոկտրինալ տրամաբանությունում փոփոխությունների անհրաժեշտությունն ավելի ակնհայտ դարձավ:

Կանխարգելիչ, այդ թվում՝ ոչ համաչափ զսպման գործողությունների տրամաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ֆինանսական և քաղաքական ռեսուրսների սահմանափակվածությամբ: Այսօր արդեն որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ: Առավել ակնառու օրինակը «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման, կամ որոշիչ հարվածի դերակատարումը»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը նախկինների սանձահարման քաղաքականության համատեքստում կարևոր քայլ էր համարել Су-30СМ կործանիչները, որոնք ձեռք էին բերվել առանց անհրաժեշտ ատրիբուտների, իհարկե, մարտական որոշակի խնդիր կատարել են:

Ասվածը լրացնենք, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Երևանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն արձագանքել էր. «Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք: Բայց մենք հուսով ենք՝ էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր բան»:

Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը» կիրառվել է վերջում, ըստ տարբեր տեղեկությունների, Շուշիի ուղղությամբ: Պատերազմից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու մեջ, բայց գեներալի՝ քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո երևի այս հարցի պատասխանը ստացել է, և «մեղադրանքը» մի կողմ դրվեց: Հիմա ասում է՝ պարամետրերը հաշվի չեն առել, այսինքն, նախկիններն առնելուց հաշվի չէին առե՞լ, անլուրջ հիմնավորում, իսկ գուցե այն կիրառելուց պարամետրերը ճիշտ չեն հաշվարկել: Դրա մասին գուցե մի օր Օնիկ Գասպարյանը խոսի:

Ի դեպ, 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսին ցուցադրված ռազմական տեխնիկայից որոշները մարտական մկրտություն չեն ստացել, հիմա, Աստված չանի, մի օր, եթե այն կիրառվի, պիտի ասենք՝ ինչ-որ պահեր չէինք հաշվարկե՞լ…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031