Ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկիի 1919 թվականի «Ղարաբաղ» հոդվածը և այնտեղ հնչած մարգարեական դիտարկումները
Ռուս անվանի բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին 1916 թվականին գտնվում էր Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում: Հենց այդ շրջանը մեծ նշանակության ունեցավ գրողի համար՝ հատկապես իր հայամետ դիրքորոշման հարցում:
Արդեն իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա տպագրում է իր «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժողովածուն: Հենց այդ գրքում նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: 1919 թվականին «Кавказское слово» պարբերականում տպագրվում է Գորոդեցկու «Ղարաբաղ» հոդվածը:

Հոդվածում Գորոդեցկին նշում է այն հիմնական թեզը, որ Արցախը հայ ժողովրդի պատմական գոյության, ազգային ինքնության և մշակութային շարունակականության գլխավոր հենասյուներից մեկն է։ Նա ընդգծում է, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմաքաղաքական իմաստով Հայաստանի արևելյան թևն է ու անվտանգության գլխավոր երաշխավորը, առանց որի անհնար է պաշտպանել Հայաստանը: Միաժամանակ հոդվածում պաշտպանվում է այն տեսակետը, որ Արցախի կորուստը կնշանակի ոչ միայն տարածքային կորուստ, այլև ազգերի ինքնորոշման գաղափարի խախտում, մինչդեռ նրա պահպանումը կարող է դառնալ Հայաստանի մշակութային և ազգային վերածննդի հիմնական կետ:

Մոտ 100 տարի առաջ Գորոդեցկին մատնացույց է անում կետեր, որոնք տասնամյակների հեռվից՝ հիմա, ցույց են տալիս, որ նրա մատնանշած կետերն իրականություն էին: Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Գորոդեցկու «Ղարաբաղ» հոդվածն ամբողջությամբ:

Սերգեյ Գորոդեցկի, «Ղարաբաղ», 1919 թվական:
«Ամեն երկիր, ամեն ազգ իր ավանդական պատվարն ունի: Երբ ժողովրդի պատմությունը հաջող ընթացք է ունենում, այն դառնում է մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոն: Իսկ երբ ճակատագիրը հալածում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածնության երաշխիք: Հայ ժողովրդի համար հենց նշված վերջին դերն է խաղացել ու խաղում Ղարաբաղի լեռնային մարզը: Բուն բնությունն է նրան հսկայական նշանակություն տվել:

Այնտեղ, Ղարաբաղի անառիկ բարձունքներում, որ Կարսի և Սևանի բարձրավանդակների շարունակությունն են, ավելի քան երկու հազար տարի հայ ժողովուրդը տոկացել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պահպանելով իր ազգային դեմքը: Ազգագրական, տնտեսական ու լեզվային առումով լինելով միասնական, Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին է նա եղել անցյալում, այդպիսին է ներկայումս, և այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ առանց Ղարաբաղի տերը լինելու, անկարելի է պաշտպանել Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը:
Պատմության ընթացքում բազմիցս են հարձակման ալիքները զարնվել ու փշրվել Ղարաբաղի ամրությանը, թափանցելով սոսկ գետահովիտները, բայց այդտեղ էլ երկար չեն մնացել: Սյունիքի (այդպես էր կոչվում Ղարաբաղը) իշխանության մելիքությունները հին ժամանակներում բազմիցս են սեփական ուժերով տեղի հողերից քշել թշնամուն: Պատմությունը կրկնվում է, և վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Բնությունը և պատմությունը Ղարաբաղում ստեղծվել են վառ արտահայտված տիպով:

Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին հեշտ է ճանաչել ամենուր: Գործունեության լայն թափ, անձնուրաց քաջություն, կյանքը վտանգելու պատրաստակամություն, ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, կենցաղի նահապետականություն՝ ահա ղարաբաղցու համակրելի հատկանիշները, որոնք ասես հայի հին առաքինությունների համակենտրոնացումն են, առաքինություններ, որ խամրել են պատմության դաժանություններից և զուտ տեսքով պահպանվել Ղարաբաղում:
Բարձրահասակ, պնդակազմ ժողովուրդը, կյանքը փրկելու համար բարձրանալով լեռները, ամրապնդվեց լեռնային օդի ազդեցությամբ և իրեն զերծ պահեց այն վարակներից, որոնք բաժին են ընկնում հովիտների բնակչներին: Հայաստանի ազգային հիշողությունը պետք է պահպանի անվանի շատ ղարաբաղցիների հիշատակը: Չկա մի այնպիսի բնագավառ, որտեղ նրանք դրսևորած չլինեին իրենց ձեռներեցությունն ու տաղանդը:

Քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առևտուր՝ այդ ամենն աշխատանքի ասպարեզ է ծառայել նրանց համար… Տալով բազմաթիվ նշանավոր գործիչներ, Ղարաբաղը ստեղծել կամ, ավելի ճիշտ՝ իր զուտ տեսքով պահպանել է նաև հին հայ կնոջ տիպը, որի հոգեբանության մեջ ու կենցաղում շատ բան է պահպանվել նահապետականությունից:
Իր մշակույթով ու կենցաղով դարբնված Ղարաբաղը մեր օրերում ևս ստվեր չի գցել իր վաղեմի փառքի վրա: Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց զորագունքը, մելիքները պաշտպանեցին Ղարաբաղի անկախությունը:
Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, և պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախկին հարձակումների ժամանակներում: Այսպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, ապա ազգերի ինքնորոշման գաղափարը հարկավ խիստ կոտնահարվեր:
Եվ ընդհակառակը, տերը լինելով Ղարաբաղի, Հայաստանը կստանա մշակութային եռանդագին ուժի հուժկու հորձանք, որը հորդելով Հայաստանի ավերված տարածությունները, դրանք կբեղմնավորի մշակույթով և դրանով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյան պանծալի պատմությունը: Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա փնտրում է իրենը: Վերածնված ազգերի ամբողջ ապագան կախված է այն բանից, թե նրանք իրենց մեջ ազգային մշակույթի բավականաչափ, այսպես ասած, մակարդակ կգտնե՞ն արդյոք:

Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կենտրոնացվել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ստանում: Այդպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար:
Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ, դեպի տաք ծովը, և գուցե հենց այդտեղից հորդեն ուժեր, որոնք Ղարաբաղը դարձնեն նոր Հայաստանի հյուսիսային ծայրամասը, բայց այդ դեպքում ևս նա չի կորցնում իր նշանակությունը՝ իբրև անձեռնմխելի և դարերում քննություն բռնած մշակույթի ֆոնդ»: («Վերածնված Հայաստան», 1989, N1):
Զ. Շուշեցի



