Պետդեպարտամենտը՝ մեկ ժամով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատև այցի արդյունքների մասին
Ավարտելով իր քառօրյա այցը Հնդկաստան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշեց մեկ ժամով (բառիս բուն իմաստով) այցելել նաև Հայաստան: Չլքելով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը և չբարեհաճելով մեկնել քաղաք՝ Պետդեպարտամենտի ղեկավարը VIP սրահում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է Սյունիքի մարզով Թրամփի նախատեսվող երթուղու (TRIPP) շրջանակային համաձայնագիրը: Ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուբիոն փաստաթուղթն անվանել է «այս պատմական երթուղին կյանքի կոչելու ուղղությամբ մինչ օրս ամենամեծ քայլը»:
Հայտնի է, այսպես կոչված, «Թրամփի երթուղին» (TRIPP) կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը միացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էքսկլավին Հայաստանի Սյունիքի մարզով: Երևանն ու Բաքուն պայմանավորվել են՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, երթուղի ստեղծել ՝ միաժամանակ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը:
«Նախագահը հսկայական հպարտություն է զգում ոչ միայն TRIPP-ի […], այլև մնացած բոլոր նախագծերի համար, որոնք մենք շարունակում ենք իրականացնել»,- ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ դրանք «հիմք են դնում այնպիսի տնտեսական համագործակցության համար, որը թույլ կտա հայերին փող աշխատել և բարգավաճել, իսկ ամերիկացիներին՝ անել նույնը»։
«Եվ դուք, և վարչապետը, և ձեր ողջ թիմն այստեղ՝ Հայաստանում, ճանապարհ եք հարթում դեպի Հայաստանի ավելի պայծառ ու անկախ ապագա»,- շարունակել է զրուցակիցներին ոգևորել ամերիկացի բարձրաստիճան հյուրը: Ռուբիոն և Միրզոյանը նաև ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիան, ընդ որում, հայ նախարարը հայտարարել է՝ հայ-ամերիկյան հարաբերություններն «այսօր ավելի ամուր են, քան երբևէ»:
«Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում տեղի ունեցող հաճախակի իրադարձությունները»,- նրա խոսքերն են մեջբերում տեղական լրատվական գործակալությունները։ Փաստաթուղթը, որի տեքստը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կայքում, վերահաստատում է երկկողմ հարաբերությունների կարևորությունը և համագործակցությունը խորացնելու ձգտումը տարբեր ոլորտներում՝ ներառյալ դիվանագիտությունը, տնտեսությունը, էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, գիտությունը, մշակույթը, իրավունքը, պաշտպանությունը և անվտանգությունը:

Բացի այդ (և սա շատ ավելի կարևոր է), Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են հուշագիր հազվագյուտ նշանակություն ունեցող օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ, որոնք, Ռուբիոյի խոսքերով, «անհրաժեշտ են այդ բոլոր տեխնոլոգիաների և նորարարությունների համար: Այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան ձեռք բերել տնտեսական անկախություն և հայտնվել 21-րդ դարի նորարարությունների կենտրոնում»: Ռուբիոն կարճ ժամանակ անց լքեց Հայաստանը՝ ավարտելով մեկ ժամից մի փոքր ավելի տևած այցը:
France Presse-ը նշում է. Հայաստանը պատմականորեն Ռուսաստանի դաշնակիցն էր, մինչև «Մոսկվան չկարողացավ կանխել Ադրբեջանի կայծակնային հարձակումը 2023 թվականին», որի արդյունքում վերջնականապես վերանվաճվեց անջատողական Ղարաբաղի շրջանը։
Այդ ժամանակից ի վեր (իսկ իրականում՝ նույնիսկ ավելի վաղ) վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սառեցրել է Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքին և հետաքրքրություն հայտնել Եվրամիությանն անդամակցելու հարցում, ինչն առաջացրել է Կրեմլի դժգոհությունը:
Հայաստանը հավասարակշռում էր սահմանաեզրին, քանի դեռ ԱՄՆ-ը ու Իսրայելը ագրեսիա սկսեցին Իրանի դեմ, որը երկար ժամանակ բարեկամական հարաբերություններ էր պահպանում Երևանի հետ: Հայաստանը հավաստիացրել է Իրանին՝ TRIPP միջանցքը կմնա իր ինքնիշխանության ներքո, այլ ոչ թե ԱՄՆ-ի:
Դրա հետ մեկտեղ, ֆրանսիական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել, որ ամսի 26-ին ստորագրված՝ հազվագյուտ նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում Վաշինգտոնի և Երևանի համատեղ աշխատանքի մասին համաձայնագրի շրջանակներում խոսքը փաստացի առանցքային առաջնահերթության մասին է՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ Չինաստանի համար: Երկնային կայսրությունը գերակշռում է հազվագյուտ հողերի ոլորտում և, որ ոչ պակաս կարևոր է, ունի անհրաժեշտ տեխնոլոգիաներ դրանց արդյունահանման համար: Չի բացառվում, որ Չինաստանի շահերի մասին անդրադարձը պատահական չէ՝ ակնարկելով Հայաստանը, ինչպես և ողջ Կովկասը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիմակայության հերթական դաշտ դարձնելու հեռանկարների մասին։
Դեռևս ապրիլին Երևանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Էնդրյու Ջոնսոնը՝ երկրաբանների համար կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, քննարկել է Սյունիքի մարզում հանքավայրերի շահագործման հեռանկարների թեման. «ԱՄՆ-ը Հայաստանի երկրաբանական և լեռնահանքային ներուժը դիտարկում է որպես ռազմավարական ակտիվ։ Թափանցիկ և կայուն զարգացման դեպքում այն կարող է խթանել տնտեսական աճը, աջակցել տարածաշրջանային կայունությանը և հնարավորություններ ստեղծել ապագա սերունդների համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»։
Թրամփի վարչակազմի համար «երրորդ աշխարհի» գործընկերներին հազվագյուտ հանքային զարգացման համաձայնագրեր պարտադրելը ստանդարտ գաղութային պրակտիկա է: Հազվագյուտ երկրները համարվում են չափազանց հեռանկարային ճյուղ, և ամերիկացիների համար կարևոր է իրենց հետևից տանել առավել հեռանկարային ուղղությունները, որպեսզի ավելի շատ փաստարկներ ունենան Հայաստանի կառավարության հետ երկխոսության մեջ՝ անկախ հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներից (չնայած Թրամփի վարչակազմի համակրանքը հստակ է):
Ընդ որում, համագործակցության մանրամասների շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ, իսկ արդյունքները կարող են չարդարացնել նախնական սպասումները։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանն ու նրա թիմն օվկիանոսից այն կողմ գտնվող պաշտոնյաների հետ ցանկացած շփում օգտագործում են նախընտրական քարոզարշավի համար. «Իշխանությունները կանեն ամեն ինչ՝ պետքարտուղարի այցը սեփական PR արշավի համար շահագործելու համար»։
Այնուամենայնիվ, Սպիտակ տունը կաջակցի Երևանի ցանկացած կառավարության, որը պատրաստ է առաջ մղել ամերիկյան շահերը, և այցը հիմնականում անհրաժեշտ է «Թրամփի երթուղին» նախագիծը ամրապնդելու և Արաքսից հարավ գտնվող իրենց հարևանի վրա ճնշումը մեծացնելու համար։
Յուրի Մավաշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



