Բուրջանաձեն ստորագրահավաք է կազմակերպել` Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու պահանջով
Грузия Online-ի փոխանցմամբ` Նինո Բուրջանաձեի գլխավորած «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցությունը սկսում է Վրաստանի «մաքրման» գործընթացը և ստորագրահավաք` «Միասնական ազգային շարժում» կուսակցության փակման պահանջով:
Այս մասին Վրասանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է երեկ: Նա ընդգծել է, որ ցնցված է այն պարբերական հանցագործությունների կապակցությամբ, որոնք պատկերված են ստորգետնյա թաքստոցներում հայտնաբերված տեսանյութերում.
«Մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք նման հանցագործությունների օրինակներ և հաճախ մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել դա: Միասնական ազգային շարժումը հանցավոր կազմակերպություն է, անհրաժեշտ է արգելել այն: Պետք է բարձրացնել այդ կազմակերպության քաղաքական ու քրեական պատասխանատվության հարցը:
Անհրաժեշտ է դատել ոչ միայն նրանց, ովքեր կատարել են առաջադրանք, այլև նրանց, ովքեր ստեղծել են այդ հանցավոր համակարգը, ստեղծել են դրա գաղափարախոսությունը և ղեկավարել են այն: Վստահ եմ, որ հետաքննությունը կտանի Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա մերձակա շրջապատի մոտ»: