Դոհայում այսօր տեղի կունենա «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունենալու «Սիրիայի բարեկամների» խմբի մեջ մտնող 11 երկրի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ-ը:
Ակնկալվում է, որ Դոհա են ժամանելու ԱՄՆ պետքարտուղարը, Մեծ Բրիտանիաի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄէ-ի, Հորդանանի ու Եգիպտոսի արտգործնախարարները: Կատարի պատվիրակությունը գլխավորելու է երկրի վարչապետ և արտգործնախարար, շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին:
Կոնֆերանսին մասնակցելու համար արդեն իսկ Կատար են ժամանել սիրիական ընդդիմության ու Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները: Կատարյան կողմի տվյալներով` կոնֆերանսի նպատակը սիրիական վարչակարգի վրա միջազգային ճնշման ուժեղացումն է, ինչպես նաև արյունահեղության դադարեցման համար խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնումը:
Միևնույն ժամանակ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են «Սիրիայի բարեկամներին» խնդրել մեծացնել սպառազինության մատակարարումները` հաշվի առնելով կառավարական ուժերի վերջին հաջողությունները:
Ընդդիմադիրները, մասնավորապես, հայտարարում են, որ կարիք ունեն շարժական զենիթային համալիրների արկերի, ինչպես նաև զրահածակելիությամբ օժտված արկերի, նռնականետերի, զրահամեքենաների: Բացի այդ, Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները խնդրում են իրենց մատակարարել զրահաբաճկոններ, հակագազեր ու կապի միջոցներ:
Դոհայի հանդիպման նախօրեին նրանք հայտարարել են, որ ստացել են զենքի առաջին խմբաքանակը, որը նրանց խոսքերով` կօգնի բեկել կառավարական ուժերի դեմ մարտերի ընթացքը: Որոշակի տվյալներով` խոսքը գնում է Սաուդյան Արաբիայի կողմից նրանց հատկացրած ռուսական Оса զենիթա-հրթիռային համալիրի մասին: