Համլետ Հարությունյանը՝ «օֆշորային» սկանդալի մասին. Աշոտ Սուքիասյանն «ընդունակ է ամեն ինչի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հավատացած է, որ  իշխանությունները ոչ մի քայլ չեն անում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը կոծկելու ուղղությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Հարությունյանը: Եվ, առհասարակ, ըստ նրա, «օֆշորային» սկանդալը «հնարովի» է, որովհետև մարդիկ «առանց ապացույց ունենալու՝ ինչ ասես ասում են»:

«Ես ընդհանրապես չեմ պատկերացնում` էս հարցը ո՞նց պետք ա ապացուցվի: Ամեն մեկը մի բան ա ասում: Ես մասնագետ չեմ, որ ճշգրիտ գնահատական տամ` մեկն ասում ա՝ կա, մյուսն ասում ա` չկա: Որոշողը ես չեմ` ինչպես էս ամենը պետք է լուծվի: Համենայնդեպս, վարչապետը ժխտում ա, որ նման բան կա, թերթերն էլ իրանց համար գրում են: Այ, օրինակ, էն, ինչ իմ մասին գրում են` զրպարտություն ա, քան իրականություն: Ես հավատում եմ կոնկրետ փաստերին, իսկ էս դեպքում կոնկրետ փաստ չկա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե հրապարակվել է փաստաթուղթ, ըստ որի` Տիգրան Սարգսյանը բաժնետերերի թվում է, Համլետ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում որևէ մեկին պաշտպանեմ, բայց վարչապետը դիմել է Դատախազություն, և պատասխանը կտա Դատախազությունը: Էն մարդուն մեղադրել են, ինքն էլ դիմել ա, բայց դեռ պատասխան չկա: Ես անմեղության կանխավարկածով եմ շարժվում` չեմ կարող որևէ մեկին մեղադրել»:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց վարչապետի անունով բացվել հաշվեհամարը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ի՞նչ ասեմ՝ կասեք Համլետ Հարությունյանը վարչապետին փորձում էր պաշտպանել: Դրա համար ես շարժվում եմ անմեղության կանխավարկածով. քանի դեռ չի հաստատվել, ես հակված եմ մտածել, որ վարչապետն է ճիշտ»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` իր մտքով երբեք չի անցել, որ վարչապետը կարող է անօրինական քայլերի դիմել, և նշեց, որ կպատժվեն մեղավորներն ու զրպարտողները: Իսկ մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ համարձակություն է պետք երկրի երրորդ դեմքի անունով օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցելու համար, Համլետ Հարությունյանը պատասխանեց, թե Աշոտ Սուքիասյանն «ընդունակ է ամեն ինչի»:

Թեպետ Համլետ Հարությունյանը, «բարեբախտաբար», նրան չի ճանաչում, բայց վստահ է, որ նման մարդն ընդունակ է ամեն ինչի` անգամ վարչապետի անունով օֆշորային գոտում ընկերություն գրանցելու:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս