«Միասնության թևեր»-ը բազմազավակ ընտանիքներին խոստանում է անվճար բնակարան մարզերում
«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը քարոզարշավի չորրորդ օրը ներկայացրել է քաղաքական ուժի ծրագրի կետերից մեկը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը։ Թաթոյանը հայտարարել է՝ չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մարզում բնակարան կտրվի։
«Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։ Սա շատ կարևոր և հաշվարկված մեր ծրագիրն է, որը պարտադիր պետք է իրականացվի։ Մենք պետք է խրախուսենք մեր ընտանիքներին, որ շատ ընտանիքներ կազմվեն, շատ երեխաներ ունենան։ Մեր բնակչությունը պետք է շատանա ու դրանով մեր պետությունն ուժեղանա։ Դա կարևոր է ապագայի համար»,- սոցցանցային տեսանյութով հայտարարել է նա։
Արման Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված են նաև հարկային արտոնությունների հետ կապված այլ ծրագրեր, որոնք ևս փուլ առ փուլ կներկայացվեն։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:



