Զելենսկին՝ Երևանում, Փաշինյանի բացակայությունը՝ Կարմիր հրապարակից. նոր աշխարհաքաղաքական իրողություններ
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ Մոսկվան այս տարի այնքան մարդաշատ չէ, որքան նախորդ տարի՝ 80-ամյակին նվիրված միջոցառումների դեպքում։
Անցած տարի Մոսկվայի Կարմիր հրապարակում էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, ԱՊՀ երկրների ղեկավարները, Ռուսաստանի ավանդական գրեթե բոլոր գործընկեր երկրների ղեկավարներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շատերը Կարմիր հրապարակում չեն, այդ թվում՝ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Իր վերջին բրիֆինգի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել էր նա։ Փաշինյանը չէր հստակեցրել, թե իր փոխարեն՝ հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե՞ ոչ։ Սակայն, ինչպես օրերս հայտարարել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում», հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին։ Փաշինյանը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, բաց թողել 2024-ինը:
Սակայն նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Մոսկվան պաշտոնապես ոչ մեկին չի հրավիրել մայիսի 9-ի տոնակատարություններին, բայց հայտարարել է, որ կողջունի բոլոր հավանական հյուրերին։ «Մենք պաշտոնապես ոչ մեկին չենք հրավիրել»,- ասել է Պուտինը։ Լուկաշենկոն էլ ընդգծել է, որ զզվել է՝ տեսնելով, թե ինչպես են որոշ հարևան պետություններ «ոտքի տակ նետել Հաղթանակը»։ Նա հիշեցրել է, որ խորհրդային ժողովուրդը փրկել է ամբողջ աշխարհը «ժանտախտից», և, որ սա «մեր մեծ գանձն» է։ Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ շուտով աշխարհի առաջնորդները «կխնդրեն գալ այստեղ»։ «Լինել այս հրապարակում»,- հավելել է նա։ Բելառուսի նախագահը Մոսկվա է ժամանել մայիսի 8-ի երեկոյան՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մայիսի 9-ի Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին կմասնակցեն նաև Աբխազիայի, Լաոսի Բադրա Գունբայի, Ղազախստանի Թոնգլուն Սիսուլիթի նախագահները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը, Սերբական Հանրապետության ղեկավարությունը՝ նախագահ Սինիշա Կարանի գլխավորությամբ, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը և ուրիշներ:
Փաշինյանի բացակայությունը Կարմիր հրապարակից գալիս է լրացնելու վերջին օրերին հայ-ռուսական դիվանագիտական-փորձագիտական-տեղեկատվական տիրույթում առաջացած շղթան։ Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, դրանում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունն ու հակառուսական ելույթը մեծ դժգոհությամբ են ընդունել Ռուսաստանի Դաշնությունում և ԱԳՆ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին՝ փոխանցելով ՌԴ-ի դժգոհությունը։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում նաև ասվում էր, որ ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող:
Եվ չնայած հայ-ռուսական հարաբերությունների անջրպետը գնալով խորանում է, մոտենում ճգնաժամային կետին, ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ ՌԴ-ի հետ ամուր կապերը պահպանում են։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել էր, թե տասնամյակներ շարունակ, եթե ոչ՝ դարեր, ՀՀ-ում կարծել են, թե թշնամական միջավայրում ՀՀ-ին պետք է մեկ հիմնական բարեկամ՝ մի «մեծ եղբայր», ով կարող է պաշտպանել։
«Հիմա այս ընկալումը փոխվել է, այդ թվում՝ այն պատճառով, որ երբ եկավ պահը, և մենք իսկապես ունեինք այդ ավելի մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, այն չեկավ, և դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության ընկալումը շարքային հայաստանցիների շրջանում։ Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական վերնախավի ու քաղաքական էլիտայի մասին։
Եվ հիմա մեզ ինչ-որ կերպ հաջողվել է, և սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք, այն ուղղությունը, որով մենք ուզում ենք գնալ. մեզ ինչ-որ կերպ հաջողվել է նվազեցնել մեր կախվածությունը՝ լինի դա քաղաքական, տնտեսական թե էներգետիկ առումով, մեզ հաջողվել է նվազեցնել մեր կախվածությունը մեկ կենտրոնից, մեր կապերը մեկ կենտրոնի հետ, և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների ցանկը: Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Միացյալ Նահանգների հետ:
Միացյալ Նահանգներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում: Միացյալ Նահանգներն առանցքային դեր են խաղում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ու հաղորդակցությունների բացման հարցում: Վստահ եմ՝ լսել եք ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity), որը ներառում է երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, ինտերնետային մալուխներ, գուցե ապագայում՝ նաև նավթամուղեր ու գազամուղեր:
Այս ամենը կապի մասին է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այս տարածաշրջանից այն կողմ գտնվողների միջև կապի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հեռավոր Արևելքի: Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրոպական միության հետ։ Շատ սերտ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի ու Ղազախստանի հետ, և դեռևս պահպանում ենք մեր ամուր կապերը Ռուսաստանի հետ»,- մեկնաբանել էր Միրզոյանը։
Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են մի փուլ, որտեղ դիվանագիտական էթիկետի սովորական նորմերը փոխարինվել են բացահայտ դեմարշներով և փոխադարձ անվստահության հրապարակային դրսևորումներով։
Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Կարմիր հրապարակից՝ «քարոզարշավի» մասին հիմնավորմամբ, և Վլադիմիր Պուտինի հայտարարությունը պաշտոնական հրավերների բացակայության մասին, վկայում են այն մասին, որ կողմերն այլևս չեն փորձում պահպանել «ռազմավարական դաշնակցության» պատրանքը։ Մոսկվայի և Երևանի միջև ձևավորված քաղաքական անջրպետն այսօր դրսևորվում է ոչ միայն արարողակարգային մակարդակում, այլև աշխարհաքաղաքական վեկտորների սկզբունքային բախմամբ, որտեղ Հայաստանի «դիվերսիֆիկացիայի» քաղաքականությունն ու արևմտյան նախագծերի շեշտադրումը դիտարկվում են՝ որպես ուղիղ մարտահրավեր Ռուսաստանի ազդեցությանը։
Ճգնաժամի խորացման կատալիզատոր դարձավ Երևանում Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ անցկացված գագաթնաժողովը, որը Կրեմլի համար դարձավ «կարմիր գիծ»՝ հանգեցնելով ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու և «կատեգորիկ անընդունելիության» մասին կոշտ նախազգուշացումների։ Հայաստանի իշխող վերնախավն արմատապես վերաձևում է երկրի անվտանգային և տնտեսական ճարտարապետությունը՝ հենվելով արևմտյան կենտրոնների վրա, որոնք, դեռ հայտնի չէ, թե ինչպես են Հայաստանին աջակցելու անցումային այս փուլում, եթե ՀՀ արտաքին այս քաղաքականությունը շարունակվի։
Վերջնարդյունքում, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հասել են մի կետի, որտեղ «ամուր կապերի» պահպանման մասին հավաստիացումները պարզապես հակասում են իրական քաղաքական գործընթացներին։ Երբ երբեմնի դաշնակից երկրները սկսում են հարաբերվել «դեսպանների կանչի» լեզվով, դիվանագիտական փոխհրաձգությամբ, իսկ բարձրագույն ղեկավարության հանդիպումները դառնում են ոչ թե համագործակցության, այլ տարաձայնությունների արձանագրման հարթակ, ակնհայտ է դառնում, որ նախկին մոդելն այլևս գոյություն չունի։



