Սրանց վերարտադրվելու դեպքում չենք ունենա Երևան և մարզեր, Իրանի հետ սահման, Սևանի արևելյան ափ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք ունենալու ենք նոր իշխանություն, նոր կառավարություն, մեր ապագա պատմագրությունը, ինքնությունը, իրավունքն ու շահը դա են պահանջում։ Այս ամենը ոչ միայն վիճակագրություն է՝ թվեր, թվաբանություն, հարցումներ, այլ նաև ոգի, խմորումներ, միացումներ, զսպվածություն սեփական ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, որը մեկ-մեկ խախտվում է։ Տարբեր գործոններ կան՝ թե՛ զգացմունքային, թե՛ կոշտ, կիրառական, գործնապաշտ քաղաքական խնդիրներ, որոնք լուծելու դեպքում Հայաստանը վերջապես կունենա ընտրված լեգիտիմ իշխանություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեզ պետք է հավաքական պատասխանատվություն։ Խարիզմատիկ ղեկավարներ ունենք՝ փորձառու, օժտված, հետագծով և այլն, բայց մեզ մոտ կա նաև անհատապաշտության բարդույթը։ Դա առաջին հերթին պատկանում է գործող իշխանին, որն ասում է, թե իբր՝ միայն ես եմ, և եթե ես չլինեմ, չկա Հայաստան, չկա խաղաղություն, չկա պետականություն։ Դա ցույց է տալիս, որ այդ ասողն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է պետականությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն՝ որպես պետականություն, չունենք»,- ասաց քաղաքական գործիչը:

«Իրենք շարունակելու են մինչև ընտրություններ ամեն ինչ անել՝ պետությանը պատկանող ակտիվները, կառույցները, լիազորությունները կիրառելու սեփական շահի համար՝ ազգային անվտանգությունից մինչև քարոզչություն ու հեռուստատեսություն։ Սահմանադրական մեծ խախտում է սա, իհարկե, բայց իրենք դա անելու են։ Արդեն կեղծվող նախընտրական վիճակով հանդերձ՝ մենք պիտի կարողանանք բերել այնպիսի արդյունք, որ հայ ժողովուրդը դուրս գա դեպրեսիայից, անտարբերությունից, նեղվածությունից, կորստի խոր ցավից։ Պետք է մասնակցել ընտրություններին, քվե տալ խղճի մտոք՝ ընդդիմադիր ուղղությամբ։ Մենք պիտի կարողանանք 60, 65, 70 % մասնակցությամբ բերել նրան, որ ունենանք այդ փոփոխությունը»,- նշեց Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ հիբրիդային սպառնալիքը միայն սրանց մատնանշած Ռուսաստանը չէ, նաև Ադրբեջանն է, Թուրքիան, Եվրոպան, ԱՄՆ-ը, որոնք միջամտում են մեր ներքին գործերին.

«Որպես հայ մարդիկ՝ պիտի հասկանանք, որ բախտորոշ գոյութենական վիճակ է, արհավիրքի շեմին ենք, և մենք պիտի կարողանանք փոփոխություն բերել։ Այս վիճակն արդեն վերաբերում է ոչ միայն յուրաքանչյուր հայ մարդու օջախի, ընտանիքի, գյուղի, քաղաքի, այլև Հայաստանի Հանրապետության ամբողջականությանը։

Այս իշխանության վերարտադրումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, կամ էլ՝ առանց պատերազմի՝ Հայաստանի մասնատման։ Իրենց իշխանության օրոք մենք չենք ունենա Երևան և մարզեր, չենք ունենա Իրանի հետ սահման, Սևանա լճի արևելյան ափ, և յուրաքանչյուր հայ մարդ ուղղակի հարվածի տակ է լինելու»:

«Հարևան բռնապետը ցեղասպանություն կատարելուց հետո ասում է, թե իրենք այնտեղ Նյուրնբերգ են իրականացրել Հայաստանի և հայ ժողովրդի դահիճների նկատմամբ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պետք է ունենան միջազգային իրենց Նյուրնբերգը, փոխում են իրենց դերերը, և ոչ մի պատասխան Երևանից։ Հարևան բռնապետներին ենթակա այս անձը պետք է փոխվի, ունենալու ենք նոր իշխանություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031