«Հանրապետության նախագահը ամիսը մեկ անգամ պետք է նստի ու զրույց անի էս ժողովրդի հետ»
«Երևույթները կան, ուրեմն` Հանրապետության նախագահը ամիսը մեկ անգամ հեռուստատեսությամբ պետք է հանդես գա իր ժողովրդի առջև և նստի ու զրույց անի էս ժողովրդի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը` խոսելով երկրում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթների, այդ թվում` Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված սպանության և այլ հասարակական-քաղաքական խնդիրներին իշխանությունների համապատասխան արձագանքի անհրաժեշտության մասին:
Արամ Սարգսյանի կարծիքով` ժողովրդի հետ այդ զրույցը անհրաժեշտ է, որպեսզի նախագահը բացատրի քաղաքացիներին, որ ինքն տվյալ հարցի հետ կապված քայլեր է անում և խնդրի մարդկանց` չհեռանալ երկրից:
«Մենք այսպիսի մի ծանրագույն վիճակում ենք գտնվում»,- փաստեց Արամ Սարգսյանը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ պնդեց, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել նման ելույթներով:
«Այո, նախագահը հանդես է եկել իր ծրագրով, իր ծրագրային դրույթներով, էդ ամեն ինչը կա, և շատ լավ էլ այնտեղ էդ ամեն ինչը ասված է, թե որից հետո ինչ է արվելու, ինչ խնդիրներ են լուծվելու, և ամենակարևորը` շատ խոսվել է այսօր մեր իրականության մեջ տեղ գտած թերությունների մասին, որոնք, իրոք, մարդկանց մի դեպքում հիասթափեցնում են, մյուս դեպքում էլ` հնարավորություն չեն տալիս երկրի տնտեսությանը զարգանալ»,- ասաց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:
«Խոսելը լավ բան է, բայց պիտի գա հասնի, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի, ասի` փակ շուկան չի կարելի էս վիճակի բերել, որ ինչ-որ մեկի կամայականությունը կանխվի՞: Ամեն ինչ իր տեղն ունի, ինչպես ասում են` «хороша ложка к обеду»: Հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծվել, թող արձագանքեն շատ արագ, չսպասեն, որ ժողովուրդն ինքը հուսախաբվի: Ո՞վ է հարցրել ժողովրդին, թե Հանրապետության հրապարակը պետք է վերակառուցել, ո՞վ է հարցրել ժողովրդին` Կենտրոնն այսպիսի վիճակում դնենք, թե՞ ոչ: Վերջիվերջո, սա ժողովրդի հետ է կապված»,- ի պատասխան հակադարձեց Արամ Սարգսյանը: