Բաժիններ՝

Վաղը Կատարում կբանակցեն ԱՄՆ-ի ու «Թալիբանի» ներկայացուցիչները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այս շաբաթ միմյանց միջև կսկսվեն խաղաղության բանակցություններ, որոնք Աֆղանստանում կհաստատեն խաղաղություն:

Այդ խաղաղությունը կարող է հաստատվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև 12-ամյա արյունահեղ պատերազմից հետո: Բանակցելու նպատակով թալիբները Կատարի մայրաքաղաք Դոհայում բացել են իրենց գրասենյակը:

Նրանք հայտարարել են, որ ցանկանում են հասնել հարցի քաղաքական կարգավորմանը, ինչը կնպաստի արդար ղեկավարման հաստատմանը և վերջ կդնի Աֆղանստանի արտաքին օկուպացմանը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Դոհայում բանակցությունները կմեկնարկեն հինգշաբթի՝ ընդգծելով, որ դրանք կլինեն դժվարին և երաշխիք չկա, որ կունենան հաջող ավարտ: Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարությունը պատվիրակություն կուղարկի Դոհա:

Դիվանագիտական ողջ ջանքերի գլխավոր նպատակը Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է՝ քննարկելու համար երկրի ապագան: Ցայժմ թալիբները հրաժարվել են բանակցություններից՝ Կարզային ու նրա կառավարությանն անվանելով Արևմուտքի խամաճիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս