Վկաները՝ «Հարսնաքարի» դեպքի մասին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին այն վկաները, որոնք դատարան էին հրավիրվել գործով տուժողների ներկայացուցիչների միջնորդությամբ: Դատարանում հարցաքննվեց վկա Հայկ Ազատիկյանը: Նա հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն ամբաստանյալ Դավիթ Ադամյանին՝ որպես մենեջեր-մատուցող: Նա դեպքի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատել է որպես մատուցող: Վկան ասաց, որ ինքն իմացել է, որ այդ օրը վեճ է եղել ռեստորանային համալիրում, սակայն չի իմացել՝ կոնկրետ ով ում հետ է վիճել, իսկ ինքը վեճ չի նկատել: Պատասխանելով գործով տուժողներին ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին՝ վկա Ազատիկյանն ասաց, որ ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներից ոչ մեկին չի ճանաչում:
Տիգրան Եգորյանի միջնորդությամբ դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, որում վերջինս ցուցմունքներ տալիս հայտնել է, թե աշխատանքի ավարտին տղաներից իմացել է, որ վեճ է եղել մատուցող Դավիթ Ադամյանի և հաճախորդների միջև, որը վերածվել է կռվի: Այդ կռվին, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, «կռվել են անվտանգության աշխատակիցներն ու հաճախորդները»:
Դատական նիստին ներկայացել էր նաև մատուցող Բագրատ Հարությունյանը: Վերջինս դատարան էր եկել առանց անձնագրի: Դատավարության մասնակիցները անձը ճշտելու համար մի քանի հարցեր ուղղեցին վկային, իսկ գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանը հաստատեց նրա ինքնությունը: Վկան հայտնեց, որ ինքը ռեստորանային համալիրի մշտական աշխատակից չէ: Երբ դատավոր Դավիթ Հարությունյանը նրան խնդրեց հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն այս գործով, նա ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ:
Տիգրան Եգորյանը նշեց, որ իր մոտ որոշակի կասկածներ է հարուցում այն հանգամանքը, որ վկան դեպքից մի քանի օր անց Հայաստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տիգրան Եգորյանի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ ՌԴ մեկնել է աշխատելու: Գործով մեղադրող Արթուր Դավթյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուներ վերջինս նախաքննական մարմնից թացնելու, որ հեռացել է հանրապետությունից: «Թաքցնելն ի՞նչ կապ ունի, որ աշխատանքի եմ գնացել»,- պատասխանեց վկան:
Դատարանում հարցաքննվեց նաև վկա Մամիկոն Հարությունյանը. նա հայտնեց, որ դեպքի օրը եղել է աշխատանքի վայրում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Նա ասաց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին՝ Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Նորայր Հայրապետյանին, բացի մատուցող Դավիթ Ադամյանից: Նա ասաց, որ դեպքի վերաբերյալ իրեն ոչինչ հայտնի չէ. կատարվածի մասին իմացել է հաջորդ օրն առավոտյան՝ հեռուտատեսությամբ: Վկան հայտնեց նաև, որ դեպքի օրը ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը զանգահարել է իրեն և հետաքրքրվել այդ օրը կայացած ֆուտբոլային հանդիպման մասին:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև Արթուր Մանուկյանը, ով ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական գծով տնօրենն էր: Նա հայտնեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, իսկ բավական երկար ժամանակ ճանաչում է այն ամբաստանյալներին, որոնք Ավան վարչական շրջանում են ապրում: Վկան հայտնեց, որ դեպքի օրը գտնվել է ֆուտբոլի ակադեմիայում, իսկ դեպքի մասին տեղեկացել է հաջորդ օրը՝ լրատվամիջոցներից:
Դատարանում հարցաքննված Աշոտ Սնջոյանը ևս հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Նա նշեց, որ մեղադրյալների մեծ մասն իր հարևաններն են:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին:
Լուսանկարները՝ 168.am-ի