Հայտնի է՝ որքան բնակչություն ունի Վրաստանը
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը («Geostat») հրապարակել է ճշգրտված տեղեկություն երկրի բնակչության մարդահամարի վերաբերյալ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2024 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 929 հազար 581 մարդ։
Ընդ որում, ըստ նախկինում հրապարակված տեղեկության, ընդհանուր բնակչության մեջ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմել է 257 հազար, այսինքն՝ բնակչության 6,6%-ից ոչ ավելի:
Համապատասխանաբար, բնակչության մարդահամարի համաձայն՝ 3 մլն 672 հազար 581-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 257 հազարը՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։
Մարդահամարի նպատակն է սահմանել երկրում բնակվող մարդկանց թիվը, հետևաբար դրա մեջ ներառված են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները։
«Միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամար է անցկացվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիների, նաև երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում։ Բնակչության հաշվարկման պահ (մարդահամարի կրիտիկական պահ) է սահմանվել նոյեմբերի 13-14-ի կեսգիշերը (ժամը 12:00), որի համաձայն էլ իրականացվել է փաստերի գրանցումը։ Մարդահամարի շրջանակներում տվյալները հավաքագրվել են էլեկտրոնային եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գործընթացն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում (2024 թ. նոյեմբերի 14-23) կիրառվել է ինքնագրանցման մեթոդը (CAWI), իսկ երկրորդ փուլում (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 31)՝ համակարգչի օգնությամբ անհատական հարցազրույցի մեթոդը (CAPI)։ Հաշվի առնելով բնակչության դրսևորած մեծ հետաքրքրությունը՝ ինքնագրանցման հնարավորությունը լրացուցիչ երկարաձգվել է մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջը։
Մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ, քաղաքային տիպի բնակավայրերում ապրում է բնակչության 62 տոկոսը (2 մլն 442 հազար 231 մարդ), իսկ գյուղական տիպի բնակավայրերում՝ 38 տոկոսը (1 մլն 487 հազար 350 մարդ)։
2024 թվականի մարդահամարի տվյալներով՝ Թբիլիսիում ապրում է 1 մլն 331 հազար 485 մարդ, ինչը կազմում է Վրաստանի բնակչության 34 տոկոսը։ Բնակչության թվով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթիի (510 հազար 741 մարդ) և Քվեմո Քարթլիի (441 հազար 630 մարդ) տարածաշրջանները, որոնց բաժին է ընկնում բնակչության համապատասխանաբար 13 և 11 տոկոսը։
Ըստ տարածաշրջանների՝ Վրաստանի բնակչությունը բաշխվում է հետևյալ կերպ.
• Թբիլիսի- 1 մլն 331.485 մարդ
• Իմերեթի- 510.741 մարդ
• Քվեմո Քարթլի- 441.630 մարդ
• Աջարիայի ԻՀ- 402.929 մարդ
• Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 305.597 մարդ
• Կախեթի- 303-833 մարդ
• Շիդա Քարթլի- 251.736 մարդ
• Սամցխե-Ջավախեթի- 155.282 մարդ
• Գուրիա- 102.408 մարդ
• Մցխեթա-Մթիանեթի- 94.039 մարդ
• Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի- 29.901 մարդ։



