Եվրոպական ստրիպտիզ Երևանում

Մայիսի սկզբին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը ՔՊ-ի համար՝ խոստանում, Հայաստանի համար՝ սպառնում է դառնալ ընտրություններից առաջ փաշինյանական իշխանության վերարտադրության հարվածային միջոցառումը: Հայաստան են գալու՝ ով ասես՝ Մակրոնից մինչև Կալաս ու հակահիբրիդային գործի այլ գուրուներ: Եթե ՔՊ-ի բախտը բերի ու մի հրաշքով Երևան ժամանեն նաև Ալիևն ու Էրդողանը, Փաշինյանը կարող է գործից հանել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ու իրեն հռչակել «խաղաղության դարաշրջանի» վարչապետ: Անժամկետ, առնվազն դարաշրջանի ընդգրկմամբ:

2026 թվականի մայիսին Երևանում եվրոբյուրոկրատները նշելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին արցախյան երկրորդ պատերազմով մեկնարկած մեծագույն աշխարհաքաղաքական ավանտյուրայի եզրափակիչ արարը:

Ազնիվ կլիներ, որ Երևանում կայանալիք դարի միջոցառմանը մասնակցեր նաև այսօրվա «խաղաղության կնքահայր» Դոնալդ Թրամփը, որն իր անվանմամբ հայկական տարածքի վարձակալության թուղթը ստորագրելուց վեց տարի առաջ հասցրել էր լինել իր առաջին նախագահության ժամանակ տեղի ունեցած արցախյան պատերազմի կնքահայրը նաև: Ոչ միայնակ, բնականաբար: Պուտինի, Էրդողանի, Ալիևի ու բոլոր նրանց համաքավորությամբ, ում Արցախը համատեղ վաճառելու համաձայնություն էին տվել 2018 թվականին ոչ թե՝ ընդունված կարծիքի համաձայն՝ գունավոր, այլ՝ Հայաստանի համար միանգամայն սև հեղափոխությամբ իշխանության եկածները:

Այդ ավանտյուրայից բոլորի ստացածը չափելի է, ինչպես որ չափելի է Հայաստանի ու հայ ժողովրդի կորցրածը՝ հինգ հազար զոհեր ու մի քանի հազար քառակուսի կիլոմետր հազարամյա հայկական տարածք: Բայց մայիսի սկզբին Երևանում չափելու են ոչ թե մեր կորուստները, այլ եվրոպական պատվիրակությունների ավտոշարասյուների ու դրանցով պայմանավորված՝ ՔՊ-ականների անպատկառ լեզուների երկարությունը: Որովհետև ավտոշարասյուներով եկող տիկնայք, պարոնայք ու դեռևս չկողմնորոշվածներն այնպես ու այնքան են թփթփացնելու Փաշինյանի փխրուն ուսին, որ մի ամբողջ վերադարձած կողակիցը չի բավարարելու ծանրությունն իր վրա վերցնելու համար:

Կարդացեք նաև

Թփթփացնելու են՝ «հիբրիդային պատերազմի դեմ պայքարում» նրա աննկուն ջանքերի համար: Չնկատելով ջանքերը, որոնցով հիբրիդային պատերազմի թիրախ հռչակված հյուսիսային մայրաքաղաքում փորձելու են թաքցնել սեփական գոհունակությունը՝ «իրենց մարդուն» թշնամիների կողմից գրկաբաց ընդունելու առիթով: Եվրոպացիների երևանյան խրախճանքն ուղեկցվելու է մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության և այլ գեղեցիկ հասկացությունների մասին լկտի հայտարարություններով:

Եվրոյոնջաները, ինչպես ժամանակին նրանց անվանում էր այսօրվա «ժողովրդավարության բաստիոնի» տեղապահը՝ այդ հայտարարություններն անելու են՝ թքած ունենալով, որ աջակցում են մեկին, ով հակոտնյա է բոլոր այդ արժեքներին: Նրանց անկեղծությունն ավելին չի լինելու, քան գիշերային ակումբի մերկապարուհիների վճարովի էմոցիաները: Մակրոնը, Կալասը և մյուսները, եթե ՔՊ-ականների բախտը բերի, Ալիևի ու Էրդողանի ներկայությամբ Երևանում ցուցադրելու են եվրոստրիպտիզ՝ երբեմնի իրական, քաղաքակրթական եվրոպական արժեքների հետ վարվելով այնպես, ինչպես գիշերային ակումբներում նույն գործով զբաղվողները վարվում են լաթի կտորների հետ՝ նայողների սովորականից ավելի վճարելու դեպքում:

ՔՊ-ն ոչ միայն վճարել է, այլ նաև թեյավճարներով շարունակում է վճարել եվրոստրիպտիզի համար: Արդեն բոլորի համար անկարևոր դարձող այն փոքր առանձնահատկությամբ, որ վճարում է Հայաստանի վերջին փշրանքների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930