Փաշինյանը Գյումրիում հենման կետ չունի․ շատ երիտասարդներ համերգի փոխարեն՝ մասնակցում էին Միքայել Սրբազանի համար կազմակերպված ստորագրահավաքին
«Ազատ արձակե՛ք ու հռչակե՛ք Միքայել Սրբազանի անմեղությունը»․ Գյումրիում շարունակվում է հաջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ստորագրահավաքը։
Ի դեպ, երբ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել՝ Վարդանանց հրապարակում համերգ տալու, նույն հրապարակում այլ իրականություն էր․ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու բակում շարունակվում էր Սրբազանի աջակցության ստորագրահավաք, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։

«Ստորագրահավաքը շարունակվում է մոտ մեկ շաբաթ,- 168․am-ի հետ զրույցում նշեց Գյումրիից ստորագրահավաքի նախաձեռնող-անդամ Աբրասիմ Աթոյանը` նկատելով, որ մինչև կիրակի օրը ստորագրահավաքը եղել է միայն էլեկտրոնային ստորագրելու եղանակով, իսկ արդեն կիրակի օրվանից՝ նաև թղթային տարբերակով,- Ներկա պահին՝ դեռ այսօրվա տվյալները չամփոփված, ունենք 3500 ստորագրություն։
Այսօր քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն ու իր այն աշխատակիցները, որոնք կողմ էին մեր պահանջին, ևս միացել են ստորագրահավաքին` նաև կարևորելով, որ հասարակական արդարադատությունը գոնե կիրականացվի»։
Ի դեպ, Աբրասիմ Աթոյանը տեղեկացրեց, որ Փաշինյանի կազմակերպած համերգի օրը շատ երիտասարդներ, համերգից առավել, գերադասել են ստորագրահավաքը։
«Համերգին գյումրեցիներ, որպես այդպիսին, կարելի է ասել՝ չկային։ Ստորագրահավաքի ընթացքում, երբ որ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում Գյումրու հրապարակում, շատ քաղաքացիներ նաև իրենց դժգոհությունն էին հայտնում կազմակերպվող համերգի մասով, ինչին մենք անձամբ ականատես ենք եղել։ Հետևաբար՝ կարող եմ պնդել, որ գյումրեցիների սրտով չէր այդ համերգը,- մանրամասնեց Գյումրիից մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրապարակում շատ էին ՔՊ-ի հետ Երևանից եկածները,- Այնտեղ իմ ճանաչած գյումրեցիները ևս միայն հայտնի ՔՊ-ականներն էին»։
Աբրասիմ Աթոյանն ամփոփելով՝ նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հենման կետ չունի։
«Պատճառներից մեկն 8 տարի շարունակ Գյումրին անտեսելն է եղել, ինչը ժողովրդի աչքից չի վրիպել, իսկ ամեն ինչն ավելի սրացավ այն ժամանակ, երբ ձերբակալություններ եղան, քաղաքապետին ձերբակալեցին նաև ու բացի քաղաքապետից՝ նաև անհիմն, ապօրինի մեղադրանքներով մոտ 60 քաղաքացու ձերբակալեցին ու մեղադրեցին, ինչը ևս հարուցեց գյումրեցիների զայրույթը։
Այցը խափանված կարելի է համարել, ինչին, սակայն, փորձում են տեղեկատվական հարթակում լուծում տալ՝ նշելով, թե բազում քաղաքացիներ են եղել, ինչը սուտ է։ Ծիծաղելի է նաև այն, որ նշում են՝ չնայած անձրևին, մարդաշատ էր հրապարակում, բայց իրենց իսկ տեսանյութերում երևում է, որ ընդհանրապես ասֆալտը չոր է, հետևաբար՝ անձրև չկա։ Ինչի՞ մասին է խոսքը»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ շիրակցիները կազմակերպել են ստորագրահավաք՝ նկատառմամբ․ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները:
Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար: Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ, ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որն իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:

Ուստի, պահանջում են՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»:



