ՄԻ՛ ԱՐԵՔ, ԴԱ ԷԺԱՆ ՔԱՅԼ Է՝ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը պրոդյուսեր Արմին Մովսիսյանն է:
Հայկական շոու-բիզնեսում թիմային աշխատանքի դերը հաճախ թերագնահատվում է, սակայն պրոդյուսեր Արմին Մովսիսյանը վստահ է՝ հաջողության իրական բանաձևը հենց միասնական աշխատանքի մեջ է։

Խոսելով հաջողության գաղտնիքի մասին՝ նա ընդգծում է, որ միայնակ արդյունքի հասնել հնարավոր չէ․
«Հաջողության գրավականը միանշանակ թիմային աշխատանքն է։ Այդ աշխատանքի մեջ մենակ ես չեմ։ Մշտապես ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ ցանկացած թիմային աշխատանք անպայման հաջողությամբ է պսակվելու»։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով շոու-բիզնեսում լայն տարածում ունեցող խոսակցություններին, թե պրոդյուսերները հաճախ ավելի շատ են վաստակում, քան արտիստները, Մովսիսյանը չի հերքում, որ նման երևույթ կա, սակայն շեշտում է՝ դա իրենց թիմին չի վերաբերում։
Նրա խոսքով՝ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ հարաբերությունների հիմքում հայտնվում է գումարը։
«Ես տեսել եմ օրինակներ, երբ թիմերը շատ հետաքրքիր սկիզբ են ունեցել, բայց հետո ամեն ինչ քանդվել է հենց գումարի պատճառով։ Եթե սկզբից ճիշտ պայմանավորվածություն կա, և այն չի խախտվում, համագործակցությունը լինում է երկարատև ու հաջող»,- վստահեցնում է Արմին Մովսիսյանը։
Հարցին, թե արդյո՞ք կան արտիստներ, որոնց հետ այլևս չի աշխատում և որոնք լքել են շոու-բիզնեսը, պրոդյուսերը խուսափեց կոնկրետ անուններ հնչեցնել՝ սահմանափակվելով կարճ պատասխանով․
«Եկեք, ես համեստորեն լռեմ»։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև «Խազեր 2026» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, որը վերջին շրջանում քննարկումների կենտրոնում է՝ արտիստների, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանի և Սարոյի բոյկոտի պատճառով։
Մովսիսյանը բացահայտում է, որ դեռ նախորդ տարի իրենց առաջարկվել է ներգրավվել ակադեմիայում, սակայն իրենք հրաժարվել են։ Պատճառը՝ կազմակերպչական հարցերի շուրջ առաջացած կասկածներն են։

«Սկզբում ֆորմատը շատ հետաքրքիր էր թվում, բայց երբ փորձեցի հասկանալ, թե ովքեր են հիմնադիրները, հասկացա, որ նույն մարդիկ են, որոնք մշտապես ներգրավված են նման պրոցեսներում։ Դրանից հետո որոշեցինք չմասնակցել»,- պատմում է նա։
Արմին Մովսիսյանի խոսքով՝ չմասնակցելու իրենց որոշումը, այնուամենայնիվ, չի հարգվել․
«Չնայած մենք ասել էինք, որ չենք ուզում մասնակցել, այս տարի մեր արտիստներին նոմինացրել էին առանց մեր թույլատրության։ Ես անձամբ կապ հաստատեցի կազմակերպիչներից մեկի հետ, և պարզվեց, որ ակադեմիայի խորհուրդն է այդ որոշումը կայացրել՝ անտեսելով մեր դիրքորոշումը»։
Անդրադառնալով մրցանակաբաշխության բովանդակային բացերին՝ Մովսիսյանը նշեց, որ այնտեղ չեն ընդգրկվել իրականում ակտիվ երիտասարդ արտիստները։
Նրա խոսքով՝ անտեսվել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Արկադի Դումիկյանը, Էռնեստ Հովհաննիսյանը, Զեյնալյանները, Գրիշա Ասատրյանը, «Հայություն» խումբը, «Հայաթ» փրոջեքթը, որոնք տարվա ընթացքում զգալի աշխատանք են իրականացրել և ակտիվ համերգային գործունեություն են ծավալել։
Հաղորդման ընթացքում պրոդյուսեր Արմին Մովսիսյանը նաև բացում է փակագծերը՝ ներկայացնելով բացառիկ մանրամասներ մրցանակաբաշխության համակազմակերպիչներից մեկի հետ ունեցած հանդիպումից, ինչը, ըստ ամենայնի, կարող է նոր քննարկումների ալիք բարձրացնել շոու-բիզնեսում։

Մանրամասները՝ տեսանյութում։



