Աշ-Շարաան կոչ է արել օգտագործել Սիրիայի լոգիստիկան ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքները հաղթահարելու համար
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին օգտագործել երկրի լոգիստիկ հնարավորությունները՝ առևտրային ուղիները վերականգնելու և ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին նա ասել է «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցում։
«Սիրիան ընդգծել է իր ռազմավարական դիրքի կարևորությունը նախորդ տարի Դամասկոս մեր ժամանումից ի վեր, բայց աշխարհն իսկապես ուշադրություն դարձրեց դրան Իրանում պատերազմի սկսվելուց հետո։ Սիրիան անվտանգ միջանցք է և էներգիայի մատակարարման այլընտրանքային ուղի։ Սա հատկապես վերաբերում է Պարսից ծոցի երկրների և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերին։ Սիրիայի մուտքը Միջերկրական ծով այն դարձնում է արևելյան և արևմտյան մատակարարման շղթաների միջև գերազանց և հուսալի կապող օղակ», – ասել է Սիրիայի նախագահը։
Նա նշել է, որ ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով առաջացած լոգիստիկ ճգնաժամի պայմաններում իրաքյան նավթի մի մասն արդեն արտահանվում է սիրիական նավահանգիստներով: Նախագահի կարծիքով՝ Դամասկոսի լավ հարաբերությունները Թուրքիայի, Հորդանանի և Պարսից ծոցի երկրների հետ կնպաստեն այլընտրանքային մատակարարման շղթաների զարգացմանը: Աշ-Շարաան հույս ունի, որ ստեղծված իրավիճակում առանձին երկրների համար ժամանակավոր լուծումները շուտով կդառնան մշտական:
Սիրիայի նախագահը նշել է, որ ամենախոստումնալից նախագիծը «Չորս ծովեր» ծրագիրն է։ Նրա խոսքով՝ այն նախատեսված է Կասպից, Միջերկրական և Կարմիր ծովերի, ինչպես նաև Պարսից ծոցի լոգիստիկան կապել Ադրբեջանի, Սիրիայի և Թուրքիայի միջոցով։
«Այս նախագծի իրականացումը, որը շարունակվում է, կօպտիմալացնի առևտրային ուղիները և կնվազեցնի լոգիստիկ ծախսերն ամբողջ տարածաշրջանում»,- նշել է նա։
Աշ-Շարաայի խոսքով՝ Սիրիայի և Թուրքիայի միջև գործընկերության հիմքի վրա շատ բան կարելի է կառուցել տարածաշրջանային անվտանգության և միևնույն ժամանակ ամբողջ աշխարհի ապագայի համար։ Նա շեշտել է, որ երկու երկրի միջև հսկայական հնարավորություններ կան տարածաշրջանային կապի առումով։
«Թուրքիան դարձել է սիրիական հեղափոխության կողմնակից։ Այն կանգնել է ճնշված սիրիացի ժողովրդի կողքին։ Մենք ունենք հին պատմական կապեր և աշխարհագրական մոտիկություն», – ասել է նա։
Նախագահի նաև նշել է, որ Սիրիան «ճգնաժամից անցել է կայունացման և վերականգնման հսկայական պատմական հնարավորության»։
Նա նաև հայտարարել է, որ վերջին օտարերկրյա բազան դուրս է բերվել Սիրիայի հյուսիս-արևելքից, նաև շեշտել, որ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (ՍԴՈւ) ինտեգրումը «նշանակալի նվաճում» է։
Սիրիայի նախագահը ժամանել է Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին։



