Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է գտել
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արդարադատության համակարգը բարեփոխման կարիք ունի, և այդ հարցը պետք է լուծել նոր Սահմանադրություն ընդունելով։ Նա այդ մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։
«Ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են, ու սովորաբար մեկը պարտվում է, իսկ մյուսը` հաղթում։ Պետք է հասկանալ, թե ինչպես հասնել նրան, որ և՛ պարտվողը, և՛ հաղթողն ընդունեն՝ տեղի ունեցածն արդարություն ու արդարադատություն է։ Այս հարցի հետազոտությամբ զբաղվելով՝ հանգել եմ նրան, որ ամենակարևոր խնդիրն ինստիտուտների և պրոցեսների օրգանիկությունն է։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարության ու արդարադատության զգացում չենք ունենալու, քանի որ ՀՀ-ում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Հարցը պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը մեծ մասամբ կառավարում են այնպիսի ինտիտուտներ, որոնք կղզիացած ու մեկուսացած են, չունեն հաշվետվողականության ու պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։
Փաշինյանն ընդգծեց՝ արդարությունն ու արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և օրենքներին։
«Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ ուզում ես արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և, ցավոք, երբեք չենք ունեցել։ Իսկ երբ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ժողովրդի կողմից ընկալվել որպես արդարություն և արդարադատություն։ Ես սա չեմ ասում որպես Հայաստանի վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ Հայաստանում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք»,– ասաց նա։



