ԱՄՀ-ն և Լիբանանը քննարկում են մինչև 1 միլիարդ դոլարի տրամադրումը Մերձավոր Արևելքի պատերազմի պայմաններում. Reuters
Արժույթի միջազգային հիմնադրամը և Լիբանանը քննարկում են արագ օգնության տարբերակներ՝ երկրին օգնելու հաղթահարել Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Բանակցությունները կենտրոնացած են ֆինանսական գործիքի վրա, որը Լիբանանին 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի միջոցներին հասանելիություն կընձեռի»,- ասել է աղբյուրներից մեկը։
Ըստ աղբյուրների՝ այդ գումարը կօգտագործվի բյուջեի աջակցության և մարդասիրական օգնության համար։
«ԱՄՀ-ի աշխատակիցները սերտորեն համագործակցում են Լիբանանի իշխանությունների հետ, ներառյալ՝ տնտեսական ճգնաժամի կառավարման հիմնական հարցերի շուրջ՝ տնտեսության վրա դրա ազդեցությունը մեղմելու համար,- ասել է ԱՄՀ-ի խոսնակը։ -Քննարկումները շարունակվում են համապարփակ բարեփոխումների ծրագրի շուրջ, որը կարող է աջակցվել ԱՄՀ-ի հետ համաձայնագրով»։
ԱՄՀ-ն ունի «Արագ ֆինանսավորման գործիք» անունով ծրագիր, որը հասանելի է վճարային հաշվեկշռի անհապաղ կարիքներ ունեցող երկրներին։
Սակայն Լիբանանը չի կարողանա անմիջապես օգտվել այդ տեսակի վարկից, քանի որ չի կատարում իր պարտավորությունները, հայտնել է աղբյուրներից մեկը։
2020 թվականի մարտին Լիբանանը չի վճարել մոտ 30 միլիարդ դոլարի միջազգային պարտք, որը երկրին վրա հասած ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի դրվագների շարքից էր. երկրի տնտեսությունն, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, վերջին տասնամյակում կրճատվել է մոտ մեկ երրորդով։
Լիբանանն այժմ խորապես ներքաշված է տարածաշրջանային հակամարտության մեջ, որը սկսվել է փետրվարին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։



