Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը գրում է. «Մի քանի նորություն և մեկ հարց…
Իշխանությունների նախընտրական թիմը շրջում է Հայաստանի քաղաքներով և գյուղերով՝ «Տեր կանգնեք խաղաղությանը» կարգախոսով։
Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» թուրք-ադրբեջանական տանդեմը անվանում է Հայաստանի Հանրապետության տարածքը։
Բաքվում գտնվում են այսպես կոչված «հայկական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»՝ իրենց ադրբեջանցի համախոհների հետ հանդիպելու համար։ «ադրբեջանցի համախոհների» թվում կան մարդիկ, ովքեր սովամահության էին մատնում հայ երեխաներին և կանանց շրջափակված Արցախում։
Ադրբեջանցիները ոչնչացրել են Սուրբ Հակոբ եկեղեցին օկուպացված Ստեփանակերտում։ Իսկ մինչ այդ քանդել են Կանաչ Ժամ եկեղեցին և հիմնովին ավիրել են Ղազանչեցոց մայր Տաճարը օկուպացված Շուշիում։

Փաստորեն, հայկական իշխանությունները «Տեր կանգնեք խաղաղությանը» կոչի ներքո իրականում կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին «տեր կանգնել» ադրբեջանցիների «իրավունք»-ին՝ ոչնչացնելու հայկական Եկեղեցիները, «տեր կանգնելլ» հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և պատմական հայկական տարածքների օկուպացիայի ադրբեջանցիների «իրավունքին» և, ի վերջո, առաջարկում են պաշտպանել «արևմտյան ադրբեջանի»՝ ադրբեջանցիների կողմից հետևողականորեն իրականացվող վիժվածքածին քարոզչության իրավո՞ւնքը։
Այդպե՞ս է ստացվում»։



