Զ. Փոստանջյանը՝ Ի. Զաքարյանին. Եթե Դուք էլ այս ամենի սցենարիստը չեք, Ձեր հերթին պետք է հիմքերը ներկայացնեք դատախազություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հարց էր ուղել հարակից զեկուցող փոխվարչապետ Արմեն Գևորգյանին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Պատգամավորն այս մասին խոսեց նաև իր ելույթում՝ ասելով.

«Ես հարց հղեցի փոխվարչապետին, ով իր պատասխանում ասաց, թե Տարոն Մարգարյանը` լինելով քաղաքապետ, կատարել է այնպիսի գործողություն, որն իրեն լիազորել է Երևանի ավագանին: Բայց Տարոն Մարգարյանը մի անձ է, ով նաև ավագանի է, որի ժամանակ էլ, ավագանին որոշում է կայացնում` ինչպես աճուրդի հանել հողատարածքի գինն ու կարգը, և այլն: Ես այս երևոյթի համար կօգտագործեմ ոչ թե «թալան» կամ «լափել» բառերը, այլ` քրեական օրենսգրքով սահմանված` պաշտոնեական դիրքի չաշահում բառը»:

Ըստ Զ. Փոստանջյանի՝ երբ մարդը մի քանի տարիների ընթացքում ձեռք է բերում հսկայական հարստություններ, հասկանալի է դառնում, որ խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է:

«Մենք ուրախ կլինենք այնպիսի երկրում ապրենք, որ մարդիկ հարստանան, բայց երբ քաղաքապետն է ձեռք բերում նման հարստություն՝ հասկանում ենք, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչին իրավական մարմինները չեն արձագանքել: Այս մարդը (նկատի ունի Տարոն Մարգարյանը,- Տ.Մ.) իրապես մասնակցել է այս բոլոր հանցագործություններին, այլապես` նման քանակի հարստություն չէր կարող ձեռք բերել»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Փոստանջյանի խոսքով, եթե ՎՊ հաշվետվության խորհրդարանական քննարկումները «թատրոն կամ բեմադրություն չեն», ապա պետք է լինեն հստակ քայլեր ու հանցագործության մասին հաղորդումներ ուղարկվեն ոչ միայն ՀՀ դատախազին, այլև` իրավապահ բոլոր մարմիններին:

«Արդարադատությունը պետք է ընտրովի չլինի: Մեր հասարակության գումարները յուրացրել են, գողացել, իսկ եղանակը եղել է պաշտոնեական դիրքի չարաշահումը, պաշտոնեական լիազորությունների գերազանցումը: Հովիկ Աբրահամյանը թատրոնի արարի ժամանակ որակեց այս ամենը` «թալանչիներ, լափել» բառերով, այն դեպքում, երբ ես ելույթ եմ ունենում ու քրեական օրենսգրքով ընդունված բառեր եմ հնչեցնում՝ ինձ կոռեկտության կոչեր են անում: Հիմա էլ արտահերթ ելույթ խնդրելով` հայտարարում են, թե կիսափոշիացում է տեղի ունեցել: Թալանի մասին չեք խոսում, ասում եք՝ մասնավոր բնույթ կրում է, ոչ համակարգային, բայց այդպես չէ: Սա համակարգային բնույթ է կրում»,- նշեց նա, ապա դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ ասաց. «Եթե Դուք էլ այս ամենի սցենարիստը չեք, Ձեր հերթին պետք է ներկայացնեք դատախազություն հիմքերը: Ես հասկանում եմ, որ Դուք էլ կաշկանդված եք, որովհետև ապրում եք շքեղ առանձնատանը, որն ինչ-որ մեկի ներդրումներով է կառուցված: Եթե սա, իրոք, բեմադրություն չէ, ու նրանք ուզում են հասարակության մեջ անարդարության զգացումը հետ գա, հաշվետվությունը պետք է դարձնեն հաղորդում հանցագործության մասին, ուղարկեն իրավապահ մարմիններին ու մեզ տեղեկացնեն` ովքեր են մեղադրյալները»:

Տեսանյութեր

Լրահոս