Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է. Marine Traffic
Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է իրական ժամանակում նավերի ընթացքին հետևող առաջատար առցանց ծառայությունը՝ Marine Traffic-ը:
Նշվում է, որ Թրամփի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցում նկատվում են նավագնացության ակտիվության առաջին նշանները:
Հայատարարությունը ներառում է ռազմավարական ջրային այս ուղու ժամանակավոր բացումը՝ բանակցություններ վարելու նպատակով։
«Տարածաշրջանում դեռևս հարյուրավոր նավեր կան, այդ թվում՝ 426 տանկեր, հեղուկացված ածխաջրածնային գազի (LPG) փոխադրման 34 նավ և հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման 19 նավ, որոնցից շատերը նախկինում փաստացի արգելափակվել էին խափանումների պատճառով»,-հայտնում է Marine Traffic-ը:
Ներկա պահին արձանագրվում են նավերի առաջին տեղաշարժերը։ Նեղուցն արդեն հատել են հունական NJ Earth և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավերը:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։



