«Ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանում էկոնոմիկայի նախարարության կողմից խոչնդոտվում է ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության կայացումը

Մտահոգված, երկրում իրականացվող անհեռատես և անարդյունավետ ագրարային քաղաքականությամբ, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) անդամ «Ֆերմերային Շարժում» կազմակերպությունը դիմեց ՀԱՊ համակարգողին, ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության ԵՄ մանդատին համապատասխան, առաջարկելով կազմակերպել «Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում, որի նպատակը կլինի գյուղատնտեսության ոլորտի դերակատարների միջև՝ պետական կառույցների, փորձագետների, քաղաքացիական հասարակության և, ամենից առաջ, գյուղացիների միջև ուղիղ երկխոսության ապահովումը, նաև՝ համատեղ գործնական և իրատեսական առաջարկությունների ձևակերպումը, որոնք կնպաստեն Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը:

Նախատեսվել էր քննարկումն անցկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների, մասնագետների, ինչպես նաև՝ հանրապետության տարբեր մարզերի գյուղերից ժամանած գյուղացիների միջև:

Քննարկմանը նախատեսված է նաև հրավիրել ԱԺ պատգամավորների, Ագրարային համալսարանի ռեկտորին, միջազգային կառույցների և ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կազմակերպությունների) ներկայացուցիչների:

Վերոնշված քննարկումը կազմակերպելու և քննարկման օրը նշանակելու առաջարկով՝ 13.10.25թ.-ին ՀԱՊ համակարգողը նամակով դիմեց էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանին:

27.10.25-ին Էկոնոմիկայի նախարարությունից մեր նամակին պատասխանում են, որ քննարկումը նպատակահարմար են համարում իրականացնել նոյեմբերի 3-ին և նախարարությունից ներկայացրել էին քննարկմանը մասնակից մասնագետների 5 հոգանոց ցուցակ, որի մեջ ներկայացված չէին գյուղատնտեսության գծով էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տաթև Սարգսյանի անունները:

Քննարկման նպատակից ելնելով, նամակով առաջարկվեց նախարարությանը, որ քննարկմանը մասնակցեն գյուղատնտեսության ոլորտի քաղաքական պատասխանատուները (Արման Խոջոյանը և Տաթև Սարգսյանը), քանի որ քննարկվելու են երկրում իրականացվող և իրականացվելիք ագրարային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Նախարարությանն ուղղած մեր նամակին ի պատասխան՝ 14.01.26-ին նախարարությունից ստանում ենք գրություն, որ՝ գրությամբ առաջարկվող մասնակցային ձևաչափով վերոնշյալ քննարկման կազմակերպումը նպատակահարմար չէ:

Դրանով, «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանում էկոնոմիկայի նախարարության կողմից խոչընդոտվում է ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության կայացումը:

Մյուս կողմից, համոզված եմ, որ էկոնոմիկայի նախարարի դեղնակտուց տեղակալները  չցանկացան մասնակցել քննարկմանը, որովհետև չունեին այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացվելու էին քննարկման ընթացքում:

Ընդհանրապես, մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է լավ մշակված, նպատակային և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր, որը դժվար թե իրականացվի էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրված այս քաղաքականության միջոցով:

Հետևանքը կլինի այն, որ էլ ավելի կխորանա գյուղական աղքատությունը, երկրի պարենային անվտանգությունը և արտագաղթը:

ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ,

Ռազմավարական ծրագրերի

Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930