Ուկրաինան Զատկից հետո սպասում է ԱՄՆ հատուկ բանագնացներին՝ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար
Ուկրաինան ակնկալում է, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այս ամիս կայցելեն Կիև՝ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ակնկալվում է, որ բանագնացները կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը, որը Կիև կժամանի ապրիլի 12-ին նշվող Սուրբ Զատիկից հետո: Պատվիրակության կազմում կարող է լինել նաև հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: «Քուշները, Ուիթքոֆը, Լինդսի Գրեմը նրանք են, ում սպասում ենք։ Էլ ով կլինի՝ կտեսնենք»,- ասել է Բուդանովը:
Սա կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն Ուկրաինա, որոնք գլխավորում են Վաշինգտոնի պատվիրակությունը Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցություններում:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնացները մի քանի այց են կատարել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Ուիթքոֆ-Քուշներ այցը Կիև քննարկվում է, սակայն դեռևս չի հաստատվել, հաղորդում է Bloomberg-ը:
Ուկրաինան հույս ունի, որ այցը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների մասին ավելի ամուր համաձայնագրի կնքմանը, ինչը պետք է խանգարի Ռուսաստանին ընդլայնել իր ագրեսիան հրադադարից հետո. նշել է Բուդանովը։



