«Շահի բախումը կա ամեն տեղ, դա մեր համապետական հիվանդությունն է»

«Չընտրված իշխանության անթափանցիկությունը բերում է նրան, որ խիստ հնարավոր է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները դե ֆակտո նախագահից սկսած մինչև վարչապետ, Ազգային Ժողովի նախագահ, ցանկացածը կարող է ունենալ միջնորդավորված օֆշորային ներկայություն»,- Galatv.am,-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր լինելու մասին մամուլի հրապարակումներին, ասել է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ քանի դեռ կա այս իշխանությունը, որը չընտրվելով ժողովրդի կողմից, նստել է ժողովրդին պատկանող գրասենյակներում, դրա վերջնական պատասխանը հայ հասարակությունը չի ունենա: «Եթե նման բան կա, ես դատապարտում եմ: Շահի բախումը կա ամեն տեղ, դա մեր համապետական հիվանդությունն է»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ժառանգություն կուսակցության առաջնորդի գնահատմամբ՝ որպեսզի ի վերջո պարզվի իրականությունը, պետք է խիստ և հետևողական վերահսկողություն սահմանեն զանգվածային լրատվության միջոցներն ու ակտիվ քաղաքացիները:

«Այս համալիր հարցերը, որը ուրվագծեցինք մեր համագումարի ընթացքում, այդ ամենը պետք է դառնա համաքաղաքացիական այսպես բռունցքի թիրախը` օֆշորը ներառյալ: Բայց օֆշորը միակ խնդիրը չէ: Վաղուց մեր պաշտոնյաները և ոչ միայն գործող վարչապետը, նախագահն էլ, տարբեր պաշտոնյաներ, իրենք իրենց աթոռը չարաշահել են ժողովրդի վստահությունը շեղելու, հեգնելու և իրենց սեփական հարստությունը դիզելու համար: Ես ցավում եմ դրա համար»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս