Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան
Դատարանն իր որոշմամբ մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը, որին զրկել են ՀԷՑ-ի լիցենզիայից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
«Հիշում եք` մի փոքրիկ շոու բեմադրվեց փոքրիկ խմբակի ղեկավարի և ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ (նկատի ունի` Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի քննարկումը. խմբ.), և միտք հնչեց, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչ համակարգը կարող է ջնջվել ինչ–որ բան թաքցնելու համար, պատասխան է հնչում, թե բա` հա։ Մինչդեռ դատարանը ֆիքսեց, որ այդ համակարգը չի կարող ջնջվել, և ընդհանրապես չկա ապացույց, որ դա ջնջվել է, դիտավորությունը բացառեց»,– ընդգծեց Ղազինյանը` ավելացնելով, որ խոսքվում էր 70 մլրդ դրամի փոշիացման մասին։
Հաջորդ սուտը, ըստ Ղազինյանի` վերաբերում է հավելագրումներին, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե ՀԷՑ-ը 3 մլն մարդու գրպան է մտել։
«Դատարանն իր որոշմամբ նշեց, որ դա սուտ է, որևիցե ձևով դա չի հիմնավորվում»,- նշեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը` ավելացնելով, որ դատարանը ֆիքսել է, որ սուտն էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե ՀԷՑ-ը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։
Ղազինյանի կոնկրետ մեկ հարց է հետաքրքրում` այս հայտարարություններն արած իշխանավոր տղամարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ դատարանում։



