Ամերիկացի ռազմական փորձագետների համար Իրանի գործողությունների մարտավարությունն անակնկալ չէր
Ամերիկյան որոշ վերլուծական կենտրոններ կարծում են, որ Թրամփի վարչակազմը բազմաթիվ սխալ ենթադրություններ է արել, որոնք հանգեցրել են Իրանի հետ այս հակամարտության կործանարար հետևանքներին: Դրանցից, թերևս, ամենազավեշտալին այն է, որ օվալաձև կաբինետի բնակիչն, ըստ երևույթին, նսեմացրել կամ ընդհանրապես հերքել է հավանականությունը, որ Իրանի հետ պատերազմի դեպքում իրանցիները կփակեն Հորմուզի նեղուցը: Սա ոչ միայն վերապահում է, այլ ավելի շուտ արտաքին քաղաքականության չարաշահում, իսկապես անբացատրելի բացթողում, որը քննարկման առարկա դարձավ մարտի 18-ին Ներկայացուցիչների պալատում կայացած գլոբալ սպառնալիքների լսումների ժամանակ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը տասնամյակներ շարունակ եղել է անհամար ռազմական խաղերի և շտաբային զորավարժությունների հիմնական թեման: Վերլուծական կենտրոնների, ռազմական քոլեջների և հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող հաճախակի սիմուլյացիաները կարևոր պատկերացում են տալիս հակառակորդի վարքագծի վերաբերյալ և թույլ են տալիս ամփոփել կուտակված փորձը և լավագույն փորձը, ինչպես նաև մշակել բազմաթիվ հնարավոր սցենարներ, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ-ում ռազմական պլանավորման մեջ: Այսպիսով, հավանականությունը, որ Իրանը հավատարիմ կմնա տնտեսական պատերազմի միջոցով հակառակորդին հյուծելու ռազմավարությանը, միանգամայն ակնհայտ էր և բացահայտ քննարկվում էր գիտնականների, վերլուծաբանների և ռազմական ստրատեգների կողմից:
Բացի սխալ ենթադրություններից, Վաշինգտոնի ռազմավարական հաղորդակցությունները խոչընդոտում էին ռազմական արշավի անցկացմանը: Գրեթե երկու շաբաթ առաջ Թրամփը հայտարարել էր. «Կարծում եմ՝ պատերազմը գրեթե ավարտված է»՝ պնդելով, որ այն «հիմնականում կավարտվի երկու-երեք օրից»: Սակայն պատերազմը ձգձգվում է, և այժմ Պենտագոնը լրացուցիչ 200 միլիարդ դոլար է պահանջում ռազմական արշավը ֆինանսավորելու համար: Ավելի ու ավելի շատ են խոսակցությունները ցամաքային գործողության մասին, որը հղի է ագրեսորին մերձավորարևելյան «ճահիճ» քաշելով: Հաշվի առնելով, որ ծովային հետևակի արշավախմբային կորպուսը (Marine Expeditionary Unit, MEU) Ասիայից ուղևորվում է Պարսից ծոց, իսկ տարածաշրջանում արդեն գտնվում է ավելի քան 50 հազար զինծառայող, հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կսրվի, այլ ոչ թե կլուծվի մոտ ժամանակներս: Ակնհայտ է՝ Նեթանյահուի ռեժիմը մտադիր է հետագայում ևս սրել հակամարտությունը, ինչի մասին վկայում է «Հարավային Պարս» գազային հանքավայրում իրանական էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումը, որը հրահրել է Իրանի պատասխան գործողությունները տարածաշրջանի մի շարք էներգետիկ օբյեկտների, այդ թվում՝ կատարի Ռաս-Լաֆան գազավերամշակման գործարանի, Սաուդյան Արաբիայի բազմաթիվ օբյեկտների և Հայֆայի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ, որին հարված է հասցվել բալիստիկ հրթիռով: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն՝ մարտի 27-ին ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են Յազդ նահանգի Էրդեկան քաղաքում գտնվող ուրանի խտանյութի արտադրության գործարանին։
ԱՄՆ-ը և Իսրայելն ակնհայտորեն թերագնահատել են Իրանի համառությունը և, հնարավոր է, հակահրթիռային պաշտպանության սեփական հնարավորությունները: Bloomberg-ի տվյալներով՝ մինչ օրս ԱՄՆ-ը կորցրել է առնվազն 16 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ առնվազն տասը Reaper անօդաչու թռչող սարք: CNN-ի տվյալներով՝ 5-րդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչը, որի արտադրության արժեքը կազմում է 80-100 մլն դոլար, ստիպված է եղել վայրէջք կատարել տարածաշրջանում գտնվող բազայում՝ իրանական հրթիռի ենթադրյալ հարվածից հետո: Տարածաշրջանում ամերիկյան բազաները բազմիցս գնդակոծվել են, իսկ դեսպանատները ստիպված են եղել տարհանել:
Սպիտակ տան շոումենը օգնության համար մեկ դիմում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մեկ քննադատում նրանց՝ անվանելով անօգուտ ու անշնորհակալ: Զարմանալի չէ, որ նման քաոսային միջավայրում նա չկարողացավ ստանալ դաշնակիցների աջակցությունն ԱՄՆ-ի կարևորագույն նպատակներին հասնելու համար, ինչպիսին է Հորմուզի նեղուցի բացումը: Եղել են նաև այլ փորձեր, որոնք ոչ պրոֆեսիոնալ տեսք ունեն: Օրինակ, Wall Street Journal-ը հայտնում է՝ հենց այն ժամանակ, Իրանի դեմ պատերազմի բռնկման հետ մեկտեղ, ԱՄՆ ռազմածովային ուժերը շահագործումից հանեցին 4 մասնագիտացված նավ՝ ականազերծելու համար: Մեկ այլ ապշեցուցիչ հարված էլ եղավ Պետդեպարտամենտի կառուցվածքում Մերձավոր Արևելքի գործերի Բյուրոյի հաստիքների և ռեսուրսների կրճատումը։ Ակնհայտորեն անտեղյակ լինելով տարածաշրջանային իրողություններին՝ Թրամփի վարչակազմը նույնիսկ վերացրեց Իրանի հատուկ բաժանմունքը և միավորեց այն Իրաքի բաժնի հետ:
Բացի վարչակազմի չմտածված ենթադրություններից, կարելի է մեջբերել այս պատերազմի ակնհայտ և չնախատեսված հետևանքների ցանկը՝ ներառյալ Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները և նավթի գների կտրուկ աճի ռիսկը, որը ակնհայտ է ցանկացած քիչ թե շատ գրագետ մասնագետի կողմից: Բացի այդ, Թրամփի վարչակազմում, ըստ ամենայնի, կարծում են, որ պատերազմը կարող է արագ ավարտվել: Հնարավոր է՝ վենեսուելացի Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը գերեվարելու «Դելտա» գործողությունը Թրամփին արմատապես սխալ եզրակացության է բերել աշխարհի այլ տարածաշրջաններում նման արկածախնդրության հաջողության մասին: Իրանը բոլորովին այլ պատմություն, աշխարհագրություն, ժողովրդագրություն և մշակույթ ունեցող երկիր է: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրագույն ղեկավարությունը ձևավորվել է Իրաքի հետ 1980-1988-ականների արյունալի պատերազմի ընթացքում, որը միավորել էր իրանական թվացյալ հասարակությանն արտաքին թշնամու առջև:
Չնայած ծանր կորուստներին՝ Իրանին առայժմ հաջողվում է խուսափել ռեժիմի գլխատումից և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կարևոր թիրախների, հրթիռային պահեստների և այլ կարևոր հրամանատարական-հսկիչ հանգույցների համակարգված ոչնչացումից: Թեհրանն ընդունում է՝ չի կարող հաղթանակ տանել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ ավանդական ռազմական հակամարտությունում, սակայն ասիմետրիկ մարտավարությունը, «խճանկարային պաշտպանությունը» և վճռական գործողությունների պատրաստակամությունը մեծապես փոխում են մարտադաշտի պատկերը: Իրանական էժանագին անօդաչուները շարքից հանում են THAAD և Patriot հակահրթիռային համակարգերի թանկարժեք մարտկոցները: Չնայած ագրեսորների ճնշող կրակային հզորությանը, իրանցիները սկսել են ավելի ակտիվ օգտագործել կասետային զինամթերք և շարժական արձակման կայանքներ:
Ամերիկյան բազաները երաշխավորում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունների պաշտպանությունը: Ճակատագրի հեգնանքով, հենց այն գործարքը, որը Ծոցի միապետությունները կնքեցին Իրանից պաշտպանվելու համար, նրանց թիրախ է դարձնում իր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համար: Այս պատերազմի արդյունքում, որն ազդեց ամբողջ տարածաշրջանի վրա, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունները կարող են արմատապես փոխվել, և ակնհայտորեն՝ ոչ դեպի լավը:
«Նախագահի մատնանշած նպատակները տարբերվում են Իսրայելի կառավարության նպատակներից»,- Ներկայացուցիչների պալատում վերջերս կայացած լսումների ժամանակ հայտարարել է Ազգային հետախուզության (DNI) տնօրեն Թուլսի Գաբարդը: Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է. «Ես Նեթանյահուին ասել եմ՝ այլևս չհարձակվի նավթի և գազի օբյեկտների վրա: Մենք գործում ենք անկախ՝ ունենալով հիանալի հարաբերություններ։ Համաձայն ենք ամեն ինչի շուրջ, բայց երբեմն նա անում է մի բան, որը ես չեմ սիրում, և հետո… Այդ պատճառով մենք այլևս դա չենք անում»: Թրամփի վարչակազմի անկարողությունը բացատրել, թե ինչպես կավարտվի Իրանի պատերազմը, ևս մեկ անհանգստացնող սյուժե է: Իսրայելն ակնհայտորեն ձգտում է ռեժիմի լիակատար տապալմանը, բայց ավելի հավանական սցենարը ԻՀՊԿ-ի թուլացումն է, բայց ոչ ամբողջական ոչնչացումը, որի մոտ կմնա փող և զենք՝ պայքարը շարունակելու համար: Չի բացառվում, որ երկրի առանձին շրջաններ, հատկապես այնտեղ, որտեղ կարող են ակտիվանալ էթնիկ զինված խմբավորումները, կարող են դուրս գալ իշխանությունների վերահսկողությունից: Ձգձգվող ճգնաժամը կարող է վերածվել բոլորի դեմ պատերազմի, որը կարող է դուրս գալ դրա սահմաններից և ապակայունացնել իրավիճակը հարևան երկրներում:
Ամերիկյան հետախուզության՝ մամուլում հայտնված զեկույցների համաձայն, իրանական ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կդիմանա այս հակամարտությանը: Ավելին, նա կարող է արագացված տեմպերով փորձել միջուկային ռումբ մշակել՝ այն համարելով միակ հավանական պաշտպանությունն ապագա հարձակումներից: Եթե դա տեղի ունենա, դա անխուսափելիորեն կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի:
Թե դեռ որքան կտևեն ռազմական գործողությունները, հաստատ պարզ չէ, բայց, դատելով լրացուցիչ ֆինանսավորման և լրացուցիչ զորքերի տեղափոխման խնդրանքներից, Վաշինգտոնը պլանավորում է երկարատև արշավ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



