«Ժամանակին հեղափոխություն էինք գոռում, հիմա ոչ թե փոշմանել եմ, այլ ամաչում եմ. Ջունգլիներում ենք ապրում». Քաղաքացին հայտնվել է դատարանում՝ Փաշինյանի մասին գրառման համար
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ս.Ա.-ի գործով դատական առաջին նիստը։
Քաղաքացին ամիսներ առաջ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված նյութի մեկնաբանությունների բաժնում մեկնաբանություն էր թողել՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ վերաբերյալ, որից օրեր անց նրան կանչել էին Քննչական ու գործ հարուցել։
Ս. Ա.-ն գրել էր. «Անօդաչուն հարվածի Փաշինյանի ինքնաթիռին, ազատվեն նրանից ու նրա կնոջից»։
Քաղաքացին այսօր դատական նիստին ներկայացել էր առանց փաստաբանի, քանի որ փաստաբան վարձելու համար չունի ֆինանսական միջոցներ, նա դատարան էր եկել ծանոթներից մեկի հետ, դատավորին էլ խնդրեց, որպեսզի նիստը չնկարահանվի, քանի որ ծնողները տեղյակ չեն, որ ինքը մեղադրյալի կարգավիճակ ունի ու հայտնվել է դատարանում։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը միջնորդեց՝ քաղաքացուն տրամադրել հանրային պաշտպան։
Նիստից հետո քաղաքացին կրկին չցանկացավ խոսել, ասելով՝ չի ուզում իր անունը որևէ տեղ հրապարակվի, որպեսզի ընտանիքի անդամները չիմանան։
Նրա փոխարեն խոսեց ծանոթը, ով նրան ուղեկցել էր դատարան։ Նա մեզ փոխանցեց, որ Ս. Ա.-ն մասնագիտությամբ խոհարար է, ունի 2 անչափահաս երեխա։
«Այս մարդն ապաքաղաքական մարդ է, տեսնելով՝ ինչ է կատարվում այս ամբողջ ընթացքում, համբերությունը հատել է, նման բան է գրել։ 2 տեղ է աշխատում, նման գրառումներ անելու ժամանակ էլ չունի այդ մարդը։
Նա կարծիք է հայտնել, հիմա որ ասեց՝ հո չեղա՞վ։
Ժամանակին ձեռքներս վեր պարզած՝ հեղափոխություն էինք գոռում, գոռում էինք՝ ուռա, հիմա ոչ թե փոշմանել եմ, այլ ամաչում եմ, որ նման բան ենք արել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, քաղաքացին «անշառ» մարդ է, առավոտից երեկո գլուխը կախ աշխատում է, որպեսզի ընտանիքի հոգսերը հոգա, հիմա հայտնվել է այս իրավիճակում ու չգիտի, թե ինչ պետք է լինի։
«Ջունգլիներում ենք ապրում, մարդը մի բան է ասում՝ բռնում-տանում են, բա Նիկոլ Փաշինյանին իր ասածաների համար ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի։ Մենք կյանքում նման բաների մեջ չէինք հայտնվել, զարմանալի է, թե ինչ է կատարվում այս փոքր երկրում։ Մարդ է, զայրացած մի բան է գրել, պետք է գործից կտրեն, բերեն հասցնեն այստե՞ղ, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։



