Երևանի մամուլի շենքի նպատակային նշանակությունը կփոխվի. ի՞նչ է լինելու դրա փոխարեն
Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն:
«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,– գրված է Տուն Էքսպոյի ֆեյսբուքյան էջում։
Էքսպոյի էջից պարզ է դառնում, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարը ներկայացնելու է «PROSPECT24» ՓԲԸ-ն։
Պետական գույքի կառավարման կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի օտարման նախագիծ կա, որը մշակվում է «PROSPECT24»-ի կողմից։
Կոմիտեից հայտնեցին, որ էքսպոյին ներկայացվելու են նաև այլ գույքային միավորներ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 24-ին ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են գործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:
Հուշագրով գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:



