Իրանը թույլատրել է մի քանի նավերի անցումը Հորմուզի նեղուցով և վճար է սահմանել. FT

Իրանը մի քանի նավերի թույլատրել է օգտագործել իր տարածքային ջրերը Հորմուզի նեղուցով անցնելու համար, ինչը, նավագնացային ընկերությունների ղեկավարների կարծիքով, նպատակ ունի ցուցադրել Թեհրանի վերահսկողությունն այս ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու նկատմամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Անվտանգ միջանցքի» երթուղին անցնում է Իրանի տարածքային ջրերով՝ Լարաք կղզու մոտակայքում, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն ու նավահանգստային ծառայությունները նավերի տեսողական նույնականացում են իրակնացնում։ Միջանցքից հասանելիություն տրվում է Թեհրանի հետ համաձայնեցումից հետո։

Այս խմբի մեջ մտնում են Հնդկաստանի, Պակիստանի և Հունաստանի նավթային լցանավերն ու բալքերները, ինչպես նաև Իրանի սեփական նավթային նավատորմը։ Նավերի մեծ մասն ավելի վաղ մտել էր իրանական նավահանգիստներ։

Միաժամանակ Lloyds List հանդեսը գրում է, որ Իրանը սկսել է վճար գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման նպատակով՝ «անվտանգ միջանցք» կազմակերպելով հաստատված փոխադրողների համար։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ օպերատորներից մեկն իր տանկերի տարանցման համար վճարել է մոտ 2 մլն դոլար։

Այս սխեմայով նեղուցով արդեն անցել է առնվազն ինը նավ։ Սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են վճարել անցման թույլտվության համար, քանի որ որոշ դեպքերում կողմերը սահմանափակվել են դիվանագիտական միջամտությամբ։

Հոդվածում նշվում է նաև, որ անհասկանալի է մնում վճարումների իրականացման մեխանիզմը՝ հաշվի առնելով Իրանի դեմ գործող պատժամիջոցները։ Բացի այդ, փորձագետները կարծում են, որ նույնիսկ թույլտվության առկայության դեպքում լցանավերի համար ռիսկերը պահպանվում են։

Չնայած այդ անվտանգ միջանցքին՝ նեղուցով երթևեկությունը նվազագույն է մնում։ Ըստ Lloyd’s List-ի տվյալների՝ մարտի 15-ից 17-ը արձանագրվել է ընդամենը 15 անցում, որոնց մոտ 90%-ը առևտրի կամ սեփականության գծով կապված են Իրանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս