Բաժիններ՝

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հայաբնակ թաղամասերից մեկին

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ վերջին օրերի ռազմական գործողությունների և 2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում հայկական այս թաղամասն առաջին անգամ է հարվածի ենթարկվում։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավ-արևմտյան ափամերձ Ջնահ թաղամասը։ Հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Հարվածներից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի անդամի։ Երկու թաղամասերն էլ հեռու են Բեյրութի հարավային արվարձաններից, որոնց բնակիչներին Իսրայելի բանակը տարհանման հրահանգներ է տվել։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս