Գերմանիան և Շվեդիան նույնպես իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Իրանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանն՝ ռազմական էսկալացիայի վտանգի պատճառով, հաղորդում է Bild-ը։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ հակամարտության դեպքում հյուպատոսական օգնության հնարավորությունները սահմանափակ կլինեն, իսկ իրանական իշխանությունները խոչընդոտում են երկքաղաքացիություն ունեցող անձանց աջակցությանը։
Նախարարության տվյալներով՝ կոմերցիոն չվերթները դեպի հարևան երկրներ առայժմ պահպանվում են, հնարավոր է նաև երկրից դուրս գալ ցամաքային ճանապարհով։ Հատուկ ճգնաժամային ցուցակում գրանցված են մի քանի հարյուր Գերմանիայի քաղաքացիներ, որոնք գտնվում են Իրանում։ ԱԳՆ-ն ընդգծում է, որ իրավիճակը «ծայրահեղ անկայուն և լարված» է, հնարավոր են օդային հաղորդակցության հանկարծակի սահմանափակումներ և օդային տարածքի փակում։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը նույնպես կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը։
«Իրանում և տարածաշրջանում իրավիճակը չափազանց անորոշ է, ուստի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ որևէ ուղևորությունից դեպի Իրան և կոչ եմ անում Շվեդիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են երկրում, լքել այն։ Իրանից պետք է հեռանալ հիմա, քանի դեռ այդ հնարավորությունը կա», – նշել է նա։



