Նվերնե՞ր, թե՞ խորհրդանշական հիշեցումներ․ Ի՞նչ է ստացել Ալեն Սիմոնյանը ՌԴ այցի ընթացքում
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։ Թե ինչ քաղաքական ձեռքբերումներով է հետ եկել պաշտոնյան, տեսանելի չէ, բայց նվերների առումով այցը բարեբեր է եղել։
Ավելին՝ ՌԴ պաշտոնյաներից ստացած նվերներն ինչ-որ տեղ կարելի է համարել նաև խորհրդանշական:
Այսպես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրման համաձայն՝ Ալեն Սիմոնյանը «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից նվեր է ստացել «Ռոսատոմ» հուշանվեր մատրյոշկա և ռեակտորի արձանիկ։

Նվերը գնահատավել է շուրջ 160.000 դրամ։
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին նվիրել է «Ձմեռային անտառ» վերտառությամբ նկարը, որը գնահատվել է 249.430 դրամ, ինչպես նաև՝ 149.658 դրամ արժողությամբ ժամացույց զարդատուփով (Դաշնության խորհրդի լոգոտիպով):
Նկատենք՝ դիվանագիտական նվերների մեկնաբանությունը հաճախ ավելի շատ կախված է քաղաքական իրավիճակից, քան հենց նվերի թեմայից։
Հավելենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը:
Հիշեցնենք նաև՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները, եթե օրենքով սահմանված պարգևատրում է, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույք, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը:



