«Ինքնաքայքայմանը զուգընթաց այս համակարգը շարունակում է քայքայել նաև երկիրը»

Քաղաքական դաշտի վերջին անցուդարձի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված կրակոցների, դրա շուրջ տեղի ունեցած զարգացումների և այլնի մասին galatv.am-ի լրագրողը զրուցել է Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

-Պարոն Խուրշուդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետից ազատելու հանգամանքը և ի՞նչ կասեք նմանատիպ երևույթների մասին ընդհանրապես:

– Տեղի ունեցածն ընդամենը ևս մեկ անգամ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ իշխանությունը սերտաճած է կրիմինալի հետ: Դրա վերջին ապացույցը նախագահական և ավագանու ընտրություններն էին, որոնց ընթացքում հենց կրիմինալը ապահովեց իշխանության դե ֆակտո վերարտադրությունը: Սակայն կրիմինալով հագեցած ցանկացած կառավարման համակարգ ինքնաոչնչացման միտում ունի: Դա մի օձ է, որը խայթում է սեփական պոչից: Առկա համակարգը, որում բացակայում է բանավեճի, խնդիրները քաղաքակիրթ ձևերով լուծելու մշակույթը, այլև գերիշխում է զոռբայության, ծեծուջարդի, սպանության և կոռուպցիայի մշակույթը, չի կարող ժամանակակից դարաշրջանում կենսունակ լինել:

– Իսկ ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի վրա:

– Վատն այն է, որ ինքնաքայքայմանը զուգընթաց այս համակարգը շարունակում է քայքայել նաև երկիրը: Մարդիկ, չդիմանալով այս համակարգին, արտագաղթում են տասնյակ հազարներով:

Իրական մրցունակ բիզնեսները շնչահեղձ են լինում իշխանական դիրքի չարաշահմամբ մենաշնորհներ հաստատած զոռբաների ճնշման տակ: Արտաքին ներդրումները նվազագույնի են հասել, քանի որ արտասահմանյան քաղաքակիրթ խաղի կանոններին սովոր բիզնեսները, որպես կանոն, խուսափում են մտնել նման աղավաղված շուկաներ: Եղած պետական միջոցներն էլ գերազանցապես անպատիժ մսխվում են կամ թալանվում նույն այդ կրիմինալի կողմից: Հայաստանը թե իր փսևդոբազմակուսակցական համակարգով, և թե իր պետական ղեկավարներով հիշեցնում է ԽՍՀՄ նախավերջին՝ Բրեժնև-Չերնենկո տարիների շրջանը, միայն մեկ տարբերությամբ, որ ԽՍՀՄ-ը գերտերություն էր՝ միջուկային զենքով զինված և անսպառ ռեսուրսներով: Սակայն նույնիսկ այդ պարագայում համակարգը փլուզվեց: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ ազդեցություն կունենա հայկական պետության վրա նրա փտած կառավարման համակարգի անկառավարելի փլուզումը՝ չավարտված պատերազմի և արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերների պայմաններում:

– Իսկ ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի…

– Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս վերադարձավ ԱՄՆ-ից, ուր հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Նորից եմ կրկնում, Հայաստանը կանգնած է լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերների առջև, որոնք կարող է հաղթահարել միմիայն սեփական ժողովրդի ամբողջական ստեղծագործական ներուժը ի հայտ բերելու և օգտագործելու միջոցով: Այդ նպատակով այս արատավոր իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդի սերն ու վստահությունը վայելող իշխանությամբ, ինչի շնորհիվ միայն մարդկանց մոտ հույս կառաջանա ապագայի հանդեպ, և այդ հույսն է, որ կարող է միայն մղել քաղաքացիներին պատրաստ լինելու անգամ ժամանակավոր դժվարությունների՝ վստահությամբ, որ այդ ամենի արդյունքում կարճ ժամանակում Հայաստանը կապրի տնտեսական, քաղաքական և սոցիալական այնպիսի թռիչք, որ արտագաղթը կփոխարինվի հզոր ներգաղթով, կապիտալների փախուստը երկրից՝ մեծածավալ արտաքին և ներքին ներդրումներով, պետության ռազմական ներուժի կտրուկ ավելացմամբ և տարածաշրջանում ուժային հավասարակշռության վերականգնմամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանը և «Նոր Հայաստանը» շարունակելու են պայքարը այդ նպատակներին հասնելու ուղղությամբ: Համակարգային փոփոխության հիմքը արդեն դրվել է այս տարվա փետրվարի 18-ին, և որոշ դադարը և թվացյալ պասիվությունը քաղաքական դաշտում ժամանակավոր է և կապված է ուժերի վերախմբավորման անհրաժեշտության և մեր կողմից տեղերում տարվող աշխատանքի հետ: Մենք պատրաստվում ենք հաջորդ քայլին: Ի դեպ, օրերս տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության և խորհրդի համատեղ ընդլայնված նիստ, որի ընթացքում կքննարկվեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Տեսանյութեր

Լրահոս