Ռուսաստանը չկարողացավ պահել իր դիրքերը Անդրկովկասում. Սատանովսկի

Մեր բոլոր կապերը վերջին տասնամյակներին փլուզվում են։ Այս մասին «Свободная пресса» ռուսական ինտերնետ-պարբերականի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին. փոխանցում է News.am-ը:

«Մենք այժմ ինչպիսի՞ կապ ունենք Վենեսուելայի հետ։ Իսկ դիրքերը Սիրիայում ինչպիսի՞ն են։ Դե, դրանք չկան։ Ռուսաստանում արգելված կազմակերպության նախկին պարագլուխը գալիս է Մոսկվա՝ խոսելու Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ (խոսքը Պուտինի հետ Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հանդիպման մասին է)։

Մեր դիրքերն Աֆղանստանում ինչպիսի՞ն են։ Այն, որ մենք չգիտես ինչի համար ընդունեցինք այդ ռեժիմը և չգիտես ինչի համար ընդհատեցինք թալիբներին ահաբեկիչ ճանաչելը, չի նշանակում, թե նրանք դադարել են այդպիսին լինել։ Օրինակ, նրանք հենց նոր Աֆղանստանում ստրկություն են մտցրել՝ գուլամների կարգավիճակ։ Ես արդեն չեմ խոսում կանանց դեմ օրենքների մասին։

Մենք, մեղմ ասած, խաբվում ենք, երբ դատում ենք մեր կապերի և դիրքերի մասին, որովհետև մենք ի վիճակի չենք պահպանել դրանք։ Մենք անգամ Միջին Ասիայում և Անդրկովկասում չկարողացանք մնալ, մեր դիրքերը Ղազախստանում վիրտուալ իրականություն են։ Ռուսաստանը 350 տարի ստեղծեց իր դիրքերը, և այժմ պատմության այդ 350 տարիները աղբանոց են նետվել։ Իսկ մենք Թեհրանի պատճառով անհանգստանալու ենք… Տեսնես ինչո՞ւ»,- նշել է Սատանովսկին։

Տեսանյութեր

Լրահոս