Թուրքիայից արտահանվող ապրանքները Գերմանիայում ավելի էժան են վաճառվում
Գերմանիայում գործող թուրքական խանութներում որոշ պարենային ապրանքներ վաճառվում են ավելի մատչելի գներով, քան հենց Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնագետները դա կապում են Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի հետ։«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալներով՝ միայն 2026-ի հունվարին ամսական գնաճը կազմել է 4.84%, իսկ տարեկանը՝ 30.65 տոկոս, ինչը հարցականի տակ է դնում կառավարության՝ տարվա ավարտի համար նախատեսված նպատակները։
Թուրքիայում հատկապես աչքի է զարնում սննդամթերքի գների աճը: Որոշ մրգերի և բանջարեղենի գներն աճել են ավելի քան 30 տոկոսով, իսկ մսամթերքի սպառումը զգալիորեն նվազել։ Միևնույն ժամանակ Գերմանիայում գնաճը պահպանվում է ցածր մակարդակի վրա, ինչի արդյունքում թուրքական շուկաներում լոլիկը, պղպեղը, բրինձը, բլղուրը, ընդեղենը և որոշ պահածոներ վաճառվում են Թուրքիայի գներից ավելի էժան։
Տնտեսագետների գնահատմամբ՝ այս երևույթը պայմանավորված է արժույթի և փոխարժեքի տարբերությամբ, մատակարարման շղթայի առանձնահատկություններով և Գերմանիայի տնտեսական կայուն միջավայրով։
