Բաժիններ՝

Ճյուղային ներդրումների կարիք ունենք. Վահրամ Ավանեսյան

Օտարերկրյա ներդրումների նվազումը 2012 թ-ին էական էր և շատ անհանգստանցող, սակայն 2013-ի համար դեռ շուտ է գնահատական տալ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, օտարերկրյա ներդրումները սեզոնային բնույթ ունեն: Այնուհանդերձ, նա հույս հայտնեց, որ այս տարի նմանատիպ անկում չենք ունենա:

«Հույսերի համար հիմք են ծառայում մի քանի ծրագրերը, որոնք որ պետք է լրացնեն այն ծրագրերի տեղը, որոնք այլևս չեն լինելու: Հեռահաղորդակցության և շինարարության ոլորտները, որոնք բավականին մեծ ներդրումներ էին բերում, դրանք փաստորեն չկան: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը և մյուս ճյուղերին, դրանք բավականին ժամանակ են պահաջում, որպեսզի ներդրումները դիվերսիֆիկացվեն և գան այդ ճյուղեր: Այսինքն, մենք հիմա էական խնդիր ունենք ճյուղային ներդրումների տեսանկյունից»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Տարբեր պաշտոնյաների հայտարարությունները՝ իրականացված տնտեսական բարեփոխումների մասին, և միաժամանակ ներդրումների նվազումը նախարարը բացատրեց տատանողականությամբ: Ըստ նրա՝ նախորդ տարիներին մեծ ծավալի ներդրումներ եղան շինարարության, հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում, որոնք հիմա հագեցվածության որոշակի մակարդակի են հասել որից հետո մեծածավալ ներդրումներ չեն լինելու:

«Ներդրումային դաշտը պարտադիր է ուղղակի, բայց դա չի տալիս 100% երաշխիք, որ անպայման ներդրումները կգան: Ներդրումները կախված են նաև շատ այլ բաներից, այդ թվում և նրանից, թե ՀՀ-ն ինչ ճյուղերում կունենա ավելի լուրջ ավելացումներ: Եթե ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրերը կարողանանք առաջ մղել, բոլոր շուկաներում հավասարակշռված քաղաքականություն վարենք, ակնհայտորեն ներդրումներն ավելանալու են, որովհետև դա հիմնարար խնդիրներից մեկն է»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս