Կանադայի վարչապետը մեկնում է Չինաստան գրեթե տասը տարվա լարված հարաբերություններից հետո
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հունվարի 13-ին մեկնում է Չինաստան՝ քննարկելու առևտրի և միջազգային անվտանգության հարցեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա Կանադայի վարչապետի առաջին այցն է Պեկին 2017 թվականից ի վեր և կարող է երկու երկրների միջև կապերի կարևոր փոփոխություն հանդիսանալ՝ Կանադայի կողմից նոր առևտրային և անվտանգության գործընկերություններ փնտրելու ֆոնին, նշում է գործակալությունը։
Քարնին ընդունել էր Չինաստան այցելելու հրավերը 2025 թ. հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում հանդիպման ժամանակ:
Կանադացի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ Քարնին կստորագրի մի շարք հուշագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են։
Լիբերալ կուսակցության նախկին ավագ նախարարական խորհրդական Գրեգ ՄաքԻչերնն ասել է, որ ակնկալում է, որ այցը կտա արդյունքներ։
«Երբ վարչապետին հրավիրում են Չինաստան, դա չի արվում ցուցադրական նպատակներով», – ասել է նա՝ հավելելով, որ կա քաղաքական ռիսկ, որ այցը կարող է վրդովեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց վարչապետ Քարնին ակնհայտորեն ցանկանում է ուղերձ հղել, որ Կանադան բաց է բիզնեսի համար։
Բանակցություններից տեղյակ աղբյուրի խոսքով՝ գործարքները կարող են ներառել կանադական նավթի՝ Չինաստան արտահանման ավելացում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրը հույս ունի խորացնել փոխադարձ վստահությունը Կանադայի հետ հունվարի 14-17-ը կայանալիք այցի ընթացքում։
Կանադայի և Չինաստանի միջև հարաբերությունները լարվել էին Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի օրոք, երբ 2018 թվականին Կանադան ձերբակալել էր չինական Huawei ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենին։
