Գտնվում ենք սահմանադրաիրավական ճգնաժամի մեջ. հայտարարության ձևաչափով մեր օրենսդրությունը որևէ բան չի ճանաչում. Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանը գրեթը օրը մեջ ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե՝ «Վեհափառը Ամենայն Հայոց կաթողիկոսը չէ, նրա ընդունած որոշումն իր համար արժեք չունի»։ Նույնաբովանդակ գրառում կատարել էր նաև օրերս, խոսելով Վեհափառի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդին պաշտոնից հեռացնելու մասին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իր կողմնակից ու գաղափարների կրող Գևորգ եպիսկոպոսն իր համար շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ։

Նիկոլ Փաշինյանի այս գրառումները զայրացրել է նույնիսկ ժամանակին իր գաղափարները կրողներին, նրանք ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարում, թե ո՞ւր են իրավապաշտպանները, ինչո՞ւ չեն բարձրաձանում, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի բնորոշմամբ, եթե մարդը մի քիչ բանականություն, պատկերացումներ ունի իրավական պետության, ժողովրդավար տարրերի մասին, անկախ իր քաղաքական հայացքներից՝ անգամ, եթե իշխանության հետ քաղաքական հայացքների որոշակի համընկնումներ ունի, չի կարող իշխանությունների այս հակաեկեղեցական քայլերն ընդունել։

Կարդացեք նաև

«Իշխանության կողմից Սահմանադրությունը և իրավական մի շարք նորմեր են խախտվում, որն ունի հստակ քրեաիրավական պատասխանատվություն ու հետևանք։

Ի՞նչ է տեղի ուենում. Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ է սկսել, սկզբում փորձում էր արդարանալ, թե ողջ գործընթացը նախաձեռնել ու իրականացնում է՝ որպես քաղաքացի, ինչն, իհարկե, ընդունելի չէր, որովհետև հակասահմանադրական էր։

Վերջին զարգացումն այն էր, որ նա մի խումբ հոգևորականների հետ  հայտարարության տեքստ ստորագրեց, որն, ըստ բովանդակության՝ կոչված էր «բարենորոգելու» եկեղեցին։ Մեր Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ երկրի ղեկավարը կարող է անել միայն այն, ինչը օրենքն է թույլատրում իրեն։ Ըստ այդմ էլ, նա որևէ իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ սահմանադիրն առանձին Առաքելական եկեղեցու բացառիկությունը սահմանող հոդված է սահմանել, ընդ որում՝ հղում է կատարել, որ եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են համանուն օրենքով։

«Նիկոլ Փաշինյանն ունի իրավական ակտեր ստորագրելու իրավասություն և պարտականություն, ՀՀ օրենսդրությունում դրանք վարչապետի որոշումներն են, որոնք լինում են անհատական ու նորմատիվ, նա իրավունք ունի ստորագրելու նաև միաջզգային պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք էլ ենթադրում են կա՛մ ներպետական վավերացում, կա՛մ ոչ։ Հետևաբար, հայտարարության ձևաչափով մեր օրենսդրությունը որևէ բան չի ճանաչում, ուստի Նիկոլ Փաշինյանի սկսած գործընթացը ծայրաստիճան հակասահմանադրական ու հակաիրավական է, բովանդակային առումով՝ նաև հակահայկական»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս գործընթացով նաև թիրախավորում է հայի ինքնությունը, որտեղ ընդգծվում է Առաքելական եկեղեցու բացառիկ դերը, քանի որ եկեղեցու հիմնական առաքելությունը հայի ինքնության պահպանումն է։ Պատահական չէ, որ հայ ազգի ինքնությանը վտանգ սպառնալու ժամանակ եկեղեցին հանդես է եկել իր որոշիչ դերով։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու թիրախավորումն ի սկզբանե հայ ժողովրդի կողմից աջակցություն չստացավ, բայց նաև ակնհայտ է, որ այդ մարդն այս գործընթացում չի պատրսատվում հանձնվել։ Հնարավոր է, որ նա դիմի այլ ծայրաստիճան հակաիրավական քայլերի։

Հիշեցնենք, որ եկեղեցին առաջին ինստիտուտը չէ, որ թիրախավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, նրա կոչով դատարանները շրջափակվեցին, շրջափակվեց նաև ԱԺ շենքը, շուրջ մեկ տարի Սահմանադրական դատարանը հետապնդվեց՝ ցանկալի անձնակազմով համալրելու համար։

Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան քննադատված դատավորները դարձան իր սիրելի դատավորները։ Եկեղեցում ամենաթիրախավորված եպիսկոպոսները, որոնք «Հայկական ժամանակի» թիրախում էին, այսօր կանգնած են իր կողքին ու դարձել են ընդունելի»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանը նկատեց՝ այս ամբողջ գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը եկեղեցու «բարենորոգումը» չէ, նրա գործողությունները չունեն արժեքային հիմք։

«Եկեղեցին այսօր խոչընդոտում է իրենց հակահայկական ծրագրերը կյանքի կոչելուն։ Եթե մենք նորմալ բնականոն իրավական պետության շրջանակներում լինեինք, այս բոլոր գործընթացները կունենային իրավական հետևանք։ Եթե չկա իրավական հետևանք, նշանակում է՝ ապրում ենք սահմանադրաիրավական ճգնաժամի մեջ»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս