Հայ երիտասարդները բացառիկ ժամացույցներ են արտադրում

«Նուրի» ժամացույցների ընկերությունը, որն արտադրում է յուրահատուկ և հետաքրքիր լուծումներով պատի ժամացույցներ, հիմնադրվել է վերջերս՝  մոտավորապես 2-3 ամիս առաջ: Նորաստեղծ ընկերությունը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ժամասերների և առհասարակ գեղեցիկը գնահատողների շրջանում:

«Նուրի»  ընկերության ժամացույցները նախատեսված են տան յուրաքանչյուր անկյունի համար՝ մանկական սենյակ, խոհանոց, հյուրասենյակ, ննջարան, և այլն: Ընկերությունը ժամեր է պատրաստում նաև ամառանոցների համար, ինչպես նաև կորպորատիվ ժամացույցներ պատրաստելու պատվերներ ունի:

Ընկերությունը հիմնել են դիզայներներ Մարիամ Մայիլյանն ու Անուշ Հովասափյանը և գործարար Վարուժան Բաբախանյանը: Անվան ընտրությունն էլ պայմանավորված է դիզայներների անուններով. «Միավորել ենք Անուշի «նու»-ն և Մարիամի «րի»-ն և ստացվել է՝ «Նուրի»: Բացի այդ, մենք ցանկանում էինք, որ ընկերության անվանումը և լոգոն հայկական լինեին: «Նուրի» բառն էլ նման է «նուռ» բառին»,- 168.am-ի հետ զրույցում ասում է ընկերության հիմնադիր-անդամներից Վարուժան Բաբախանյանը:

– Վարուժան, ինչո՞ւ որոշեցիք շեշտը հիմնականում դնել ժամացույցների արտադրության վրա:

Կարդացեք նաև

– Ուսումնասիրելով տեղական շուկան՝  նկատեցինք, որ Հայաստանում առաջին հերթին՝ չկա պատի ժամացույցների տեղական արտադրություն, բացի դրանից էլ՝ Հայաստանում ժամացույցները միայն ներմուծվում են, այն էլ՝ բավականին թանկ գներով: Այսինքն՝  այսօր միջին խավը ճաշակով կամ էքսկլյուզիվ ժամացույց ունենալու հնարավորություն չունի:

– Ժամացույցների պատրաստման համար ի՞նչ նյութեր եք օգտագործում:

– Մեր արտադրանքը կարող ենք բաժանել երկու մասի՝ սերիական և էքսկլյուզիվ: Վերջին տեսակի դեպքում աշխատում ենք բացառապես բնական փայտով, լինի դա կաղնի, հացենի, ընկուզենի, հաճարենի, լորենի և այլն: Իսկ սերիական արտադրության դեպքում էլ աշխատում ենք MDF կոչվող նյութի հետ:

– Իսկ գնային առումով որքանո՞վ են «Նուրի» ժամացույցները մատչելի:

– Կարծում եմ՝  մեր արտադրանքը սպասարկում է միջին խավին: Այսինքն՝  ժամացույցները շատ մատչելի և հասանելի չեն բոլորին, բայց միջին խավն ունի բոլոր հնարավորությունները մեր ժամացույցները գնելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր ժամացույցներն իրենց յուրահատկության համեմատ բավականին մատչելի են:

– Ի՞նչ եք կարծում՝  հայերը որքանո՞վ են ուշադրություն դարձնում տեղական արտադրությանը:

– Մեզանում դեռևս չկա այն մշակույթը, որ մենք ուշադրություն դարձնենք ու աջակցենք հայկական արտադրությանը: Պատճառներից մեկն այն է, որ մենք շատ արտադրող ընկերություններ էլ չունենք, ինչի պատճառով հայկական արտադրանքը մրցունակ չէ ներմուծվածներին: Այդ պատճառով էլ՝  մարդիկ ստիպված նախընտրում են ներմուծված ապրանքը, բայց ես տեսնում եմ, որ մեր տեղական արտադրությունը զարգանում է, և հավատում եմ, որ ժողովուրդը սկսելու է ուշադրություն դարձնել ու գնել հայկական արտադրանք:

– Ձեր ընկերության պատրաստած ժամացույցները վաճառվում են վիրտուալ տարածքում: Իրական դաշտ տեղափոխվելու և խանութ բացելու մտադրություն չկա՞:

– Իհա՛րկե կա: Ասեմ, որ բացի օնլայն վաճառքից, մենք ժամացույցներ ենք տրամադրում նաև մի քանի խանութների, որոնք գտել են մեզ, հավանել մեր աշխատանքները և առաջարկել ժամացույցներ ցուցադրել: Առաջիկայում աշխատելու ենք հուշանվերների խանութների հետ, քանի որ մեր ժամացույցները հայկական թեմատիկայով են, և կարծում եմ՝ մեր սփյուռքահայ հայրենակիցները ժամացույցների նկատմամբ մեծ հետաքրքրություն կունենան: Մեր առաջնային նպատակներից մեկը ցուցասրահ ունենալն է, որտեղ կկարողանանք վաճառել: Ժամացույցներ արտահանելն ի սկզբանե եղել է մեր ընկերության գլխավոր նպատակներից մեկը, քանի որ շուկան այստեղ մեծ չէ: Ես շատ եմ ցանկանում նաև մեր երկիրը տնտեսապես զարգացնել:

– Տեղյակ եմ, որ Լոնդոնում եք ուսանել: Ինչո՞ւ որոշեցիք այստեղ քայլեր ձեռնարկել՝  հաշվի առնելով Ձեզ սպասվող բազմաթիվ դժվարությունները:

– Ամենագլխավոր պատճառն այն է, որ ես չեմ կարող դրսում ապրել: Հայաստանն իմ երկիրն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել ու սիրում եմ իմ երկիրը՝  իմանալով բոլոր թերությունները: Հետ եկա այստեղ, քանի որ ի սկզբանե գնացել էի այնտեղ սովորելու, գիտելիք ձեռք բերելու, որոնք պետք է իմ երկրում օգտագործեմ: Սխալ պատկերացում կա, թե դրսում ավելի հեշտ է: Նման բան չկա, դրսում ավելի բարդ է, քան Հայաստանում: Կոնկրետ իմ մասնագիտության դեպքում դրսում մրցակցությունն անհամեմատ շատ է, և ավելի բարդ է նոր գործ սկսել: Իմ խնդիրն է՝ այստեղ գործունեություն ծավալել, շուկան զարգացնել և իմ հայրենիքում կայանալ. միայն այս դեպքում ես ինձ կարող եմ լիարժեք և արժանի հայ զգալ:

– Մի քանի բառով կասե՞ք Ձեր արտադրած ժամացույցների առանձնահատկությունները:

– Ժամացույցներն առանձնանում են իրենց դիզայնով, էքսկլյուզիվությամբ, օգտագործված նյութերով: Մեր դիզայներները երիտասարդ են, բայց արդեն պրոֆեսիոնալ են, քանի որ լավ կրթություն են ստացել: Օրինակ, Մարիամը սովորել է Միլանի լավագույն համալսարաններից մեկում: Մենք արտադրում ենք հայկական թեմաներով ժամացույցներ, փորձելու ենք նաև արծաթը փայտի հետ զուգորդել, այսինքն՝ ժամացույցների վրա որոշ դետալներ արծաթից կլինեն: Սա ժամացույցներին ավելի մեծ շքեղություն և նրբաճաշակություն կհաղորդի: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն, ինչ մենք արտադրում ենք, կրկնօրինակ չէ: Երբեմն դիզայներների հետ հակասություններ եմ ունենում, քանի որ ես արտադրությանը նայում եմ բիզնեսի տեսանկյունից և ասում եմ, որ կարելի է կրկնօրինակել գեղեցիկ ժամերը, իսկ նրանք դա չեն անում, քանի որ ցանկանում են իրենցը ստեղծել:

– Դուք նաև «Շախմատ աշխարհ» խանութի հիմնադիրներից մեկն եք, որը հանդիսանում է Հայաստանում շախմատի առաջին մասնագիտացված խանութը: Որքանո՞վ են իրար կապակցված «Նուրի»-ն և «Շախմատ աշխարհ»-ը:

– «Նուրի»-ն հանդիսանում է «Շախմատ աշխարհ»-ի մատակարարը: Մատակարարում ենք շախմատի թեմատիկայով ժամացույցներ՝ ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծ շախմատասերների համար:

– Ի՞նչ նորություններ սպասենք «Նուրի» ընկերության կողմից:

– Ճիշտ է, մենք սկսել ենք՝ որպես ժամացույցներ արտադրող ընկերություն, բայց առաջիկայում ցանկանում ենք սպասարկել ինտերիերի ու էքստերիերի բոլոր ճյուղերը՝ սկսած հետաքրքիր լուծումներով շրջանակներից, աթոռներից ու սեղաններից, վերջացրած ամառանոցային սայլերով, ծաղկամաններով, և այլն: Մի խոսքով՝  արտադրելու ենք այն ամենն, ինչը մարդու միջավայրը դարձնում է ավելի հաճելի:

Հ. Գ. Ընկերության արտադրանքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝  հետևելով այս հղմանը:

Տեսանյութեր

Լրահոս