Խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա
Նախօրեին խուզարկություն է իրականացվել այն լեզվաբան-փորձագետներից մեկի տանը, որոնք փորձագիտական եզրակացություն են տվել այն մասին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյան պաշտպանական խմբից Արշակ Վարդանյանը։
Նրա համար նախ զարմանալի է այն, որ դատավորը խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարել է։
«Վարկածը հետևյալն է՝ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմած Ռուբեն Հակոբյանին (Կարապետյանի պաշտպանական խմբից` խմբ․) մյուս փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք մյուս հայտնի փորձագետների տված փորձագիտական կարծիքները»,- նշեց Վարդանյանը։
Նա հավելեց՝ 5 ամիս նախաքննություն է իրականացվում, 53 քննիչ է ընդգրկված, սակայն այս ընթացքում երևի 15-16 անձ է ընդամենը հարցաքննել։ Ուստի այնքան այլևս անելիք չկա, որ անցել են փորձագետների բնակարանների խուզարկությանը։
«Երբևիցե չի եղել պրակտիկայում նման դեպք, որ քննիչը փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում»,- հավելեց Լիանա Գասպարյանը։
Փաստաբանները չեն բացառում, որ սա նաև ինչ-որ առումով ուղերձ է ոչ միայն այլ փորձագետների, այլև կոնկրետ փաստաբաններին։



