ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴԵԼԸ ՉԷ, ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը գրել է.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը` Ազգային-եկեղեցական ժողովը, ստեղծվել է միջնադարում իբրև հայ հասարակության, այսինքն` ողջ ազգի (համահայկական) ներկայացուցչական մարմին, որտեղ Հայաստանի և աշխարհի բոլոր ծագերից հայ աշխարհականների և հոգևորականների ընտրված ներկայացուցիչները (պատվիրակ-ընտրիչները) ժամանում են համազգային և ներեկեղեցական կարևորագույն հարցերը քննարկելու համար։ Չմոռանանք, որ այն միշտ ունեցել է կանոնադիր (իրավաստեղծ) լիազորություններ, որ կարգավորել է հայ հասարակության ներքին իրավահարաբերությունները (այդ թվում` վեճերը), և բացի այդ` հենց այս ֆորմատով են մեր Եկեղեցու Հայրերը օրակարգ բերել Հայաստանի ազատագրության հարցը (869, 1547, 1562, 1677 և այլ թթ.), երբ առանց թագավորության մնացած հայ ազգը աշխարհիկ ինքնակազմակերպման հնարավորություն չի ունեցել։ Ավելին` առաջին հայացքից անմեղ պնդումը, թե դա պետության բացակայության համար ճիշտ էր, բայց հիմա պետություն ունենք, ուրեմն Եկեղեցին թող լռի, ամբողջությամբ կեղծ կոնստրուկցիա է, որովհետև ֆորմատը և դրա ներքո հոգևոր հայրենիքի գաղափարը սահմանել Արշակ Բ Արշակունի (350-368 թթ.) արքան 354 թ., երբ ունեինք տակավին բավական հզոր թագավորություն։

Նման իրավիճակում վերջին օրերին եթերով երկու եպիսկոպոսներ և գիտությունների երեք թեկնածուներ պնդում են, թե հոգևորականները կապ չպետք է ունենան Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի քննարկման հետ, իսկ եթե ձայն են հանում, ուրեմն «դրսից են կառավարվում»։ Ցավն այն է, որ այս մարդիկ գիտելիքների խնդիր չունեն, վստահ եմ, որ մասնագիտորեն ինձնից ոչ պակաս (գուցե նույնիսկ ավելի լավ) գիտեն սա, բայց այնպես են խոսում, կարծեք չգիտեն ամենատարրականը, որ թեմերի մեծ մասը արտերկրում են, հետևաբար «դրսի» հայերը ևս խոսքի իրավունք ունեն Եկեղեցում և համազգային օրակարգում։ Էլ չեմ խոսում հոգևոր դասի ներկայացուցիչներ Սբ. Մեսրոպ Մաշտոցի, Սբ. Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Վարդան Արևելցու, Ստեփանոս Օրբելյանի Սբ. Գրիգոր Տաթևացու, Թովմա Մեծոփեցու, Ստեփանոս Ե Սալմաստեցու, Սբ. Մովսես Գ Տաթևացու, Հակոբ Դ Ջուղայեցու, Գևորգ Ե Սուրենյանցի և այլ նվիրյալների սահմանած ազգային պատասխանատվության ուղենիշները հայ հոգևորականի համար, որ չի սահմանափակվում միայն հոգու փրկությանը առաջնորդելու պարտականությամբ…

#զուգահեռ_իրականություն

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս