«Ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանում էկոնոմիկայի նախարարության կողմից խոչնդոտվում է ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության կայացումը
Մտահոգված, երկրում իրականացվող անհեռատես և անարդյունավետ ագրարային քաղաքականությամբ, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) անդամ «Ֆերմերային Շարժում» կազմակերպությունը դիմեց ՀԱՊ համակարգողին, ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության ԵՄ մանդատին համապատասխան, առաջարկելով կազմակերպել «Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում, որի նպատակը կլինի գյուղատնտեսության ոլորտի դերակատարների միջև՝ պետական կառույցների, փորձագետների, քաղաքացիական հասարակության և, ամենից առաջ, գյուղացիների միջև ուղիղ երկխոսության ապահովումը, նաև՝ համատեղ գործնական և իրատեսական առաջարկությունների ձևակերպումը, որոնք կնպաստեն Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
Նախատեսվել էր քննարկումն անցկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների, մասնագետների, ինչպես նաև՝ հանրապետության տարբեր մարզերի գյուղերից ժամանած գյուղացիների միջև:
Քննարկմանը նախատեսված է նաև հրավիրել ԱԺ պատգամավորների, Ագրարային համալսարանի ռեկտորին, միջազգային կառույցների և ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կազմակերպությունների) ներկայացուցիչների:
Վերոնշված քննարկումը կազմակերպելու և քննարկման օրը նշանակելու առաջարկով՝ 13.10.25թ.-ին ՀԱՊ համակարգողը նամակով դիմեց էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանին:
27.10.25-ին Էկոնոմիկայի նախարարությունից մեր նամակին պատասխանում են, որ քննարկումը նպատակահարմար են համարում իրականացնել նոյեմբերի 3-ին և նախարարությունից ներկայացրել էին քննարկմանը մասնակից մասնագետների 5 հոգանոց ցուցակ, որի մեջ ներկայացված չէին գյուղատնտեսության գծով էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տաթև Սարգսյանի անունները:
Քննարկման նպատակից ելնելով, նամակով առաջարկվեց նախարարությանը, որ քննարկմանը մասնակցեն գյուղատնտեսության ոլորտի քաղաքական պատասխանատուները (Արման Խոջոյանը և Տաթև Սարգսյանը), քանի որ քննարկվելու են երկրում իրականացվող և իրականացվելիք ագրարային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Նախարարությանն ուղղած մեր նամակին ի պատասխան՝ 14.01.26-ին նախարարությունից ստանում ենք գրություն, որ՝ գրությամբ առաջարկվող մասնակցային ձևաչափով վերոնշյալ քննարկման կազմակերպումը նպատակահարմար չէ:
Դրանով, «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանում էկոնոմիկայի նախարարության կողմից խոչընդոտվում է ՔՀԿ-ների և կառավարության միջև քաղաքական երկխոսության կայացումը:
Մյուս կողմից, համոզված եմ, որ էկոնոմիկայի նախարարի դեղնակտուց տեղակալները չցանկացան մասնակցել քննարկմանը, որովհետև չունեին այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացվելու էին քննարկման ընթացքում:
Ընդհանրապես, մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է լավ մշակված, նպատակային և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր, որը դժվար թե իրականացվի էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրված այս քաղաքականության միջոցով:
Հետևանքը կլինի այն, որ էլ ավելի կխորանա գյուղական աղքատությունը, երկրի պարենային անվտանգությունը և արտագաղթը:
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ



