Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Գազայի բժշկական աղբյուրների հաղորդմամբ՝ Խան Յունիս քաղաքում տեղահանվածների համար նախատեսված վրանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական ուժերի հրետանին և ռազմական տեխնիկան ինտենսիվորեն հրետակոծում են Գազա քաղաքի արևելյան շրջանները, ավերում Թուֆֆահ թաղամասի շենքերը։
Իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի Նաբլուս և Կալկիլիա քաղաքների վրա՝ իրականացնելով խուզարկություններ և ձերբակալություններ պաղեստինցի բնակիչների շրջանում։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների Իսրայելի կողմից ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է և հրադադարի համաձայնագրի ակնհայտ անտեսում։ Շարժումը կոչ է արել միջնորդներին և երաշխավոր պետություններին զսպել Իսրայելին և թույլ չտալ Նեթանյահուին խուսափել համաձայնության կատարումից:
Ավիահարվածների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ Գազայում, և նրա հեռացումը կլինի կամ միջազգային ուժերի միջոցով, կամ դժվար ճանապարհով»։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 70117 -ի, վիրավորվել է 170999 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված գրեթե բոլոր պատանդների աճյունները։
